Սեպտեմբերի 21. Ուժեղացնենք մեր հայրենիքի անկախությունը և անկախության տերը լինենք
Գրականագետ Վարդան Դևրիկյանը սրտի ցավ է զգում, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում չի եղել ու չի կարողացել «այո» ասել անկախության հանրաքվեին: Բայց միաժամանակ հպարտ է, որ այդ նույն ժամանակ գտնվել է Արցախում՝ պաշտպանելով իր հայրենիքը:
«Հանրաքվեի արդյունքների մասին լսեցի Արցախում: Սեպտեմբերի 23-ին Մարտակերտի շրջկենտրոնում ինքնաշեն բարձրախոս էինք միացրել ու լսում էինք Գերագույն խորհրդի նիստը, այնուհետև հնչեց «Մեր հայրենիքը»: Ինքնաբուխ սեղաններ ձևավորվեցին: Ճիշտ է բան չունեինք սեղաններին դնելու, միայն խմիչք»,- Panorama.am-ի հետ զրույցում հիշեց Վ. Դևրիկյանը:
Նա պատմեց, որ Արցախում սովորաբար թե ուրախության, թե տխրության սեղանին առաջին երկու կենացներն էին լինում՝ գործին հաջողություն և հիշում էին զոհված ընկերներին:
«Այդ օրը խախտվեց այդ հերթականությունը և ավելացավ ևս մեկ կենաց: Առաջինը խմեցինք Հայաստանի անկախության կենացը, երկրորդը՝ զոհված ընկերների, երրորդը՝ գործի հաջողության՝ Արցախի ազատության, անկախության համար»,- ասաց Վ. Դևրիկյանը:
Մտավորականի խոսքով, անկախությամբ ոչ թե պետք է միայն հպարտանալ, ապրել, այլ նաև պաշտպանել անկախությունը. «Պաշտպանել ասելով չպետք է հասկանալ միայն դիրքերում, քանի որ այդպես պատասխանատվությունը մեր վրայից գցում ենք: Դիրքերում մեր զինվորները պաշտպանում են մեր անկախությունը: Ամեն մեկս մեր բնագավառում պետք է պաշտպանենք՝ նպաստելով Հայաստանի հզորացմանը: Այն պատերը, որ հանդիպում ենք մեր առաջ, պետք է քանդել, պետք է պաշտպանել մեր ազգային արժեքները: Յուրաքանչյուրս մեր բնագավառում պետք է ուժեղացնենք մեր հայրենիքի անկախությունը, յուրաքանչյուրս պետք է անկախության տերը լինենք»:
Ըստ նրա, թեև առկա են աշխարհաքաղաքական մարտահրավերներ, ներքին դժվարություններ,սակայն պետք է փորձել բարելավել կյանքը:
«Այնպես աշխատենք ու ապրենք, որ հավաքական առումով մեր ժողովուրդը զգա՝ դժվարին պահերին մեր երկիրը վերելք է ապրում, առաջ է գնում: Կարծում եմ՝ այսօրվա քայլերը հենց դրան են միտված: Թե իշխանությունը, թե ընդդիմությունը երկրի զարգացնելու համար պետք է միասին աշխատեն. իշխանությունը փորձի առավելագույնս անել, ընդդիմություն էլ ոչ թե ուրախանա առկա թերությունների վրա, այլ պարզապես մասնակցի այդ թերությունների վերացմանը, խնդիրների լուծմանը»,- ասաց Վ. Դևրիկյանը:
Գրականագետի ցանկությունն է, որպեսզի ամեն տարի անկախության օրն արձանագրվի, որ մի որևէ դժվարություն, մի որևէ անորոշություն թողել ենք հետևում և ավելի լավատեսությամբ նայենք թե այսօրվան, թե ապագային:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան