Հայաստանը նախատեսում է բանակցություններ շուրջ երկու տասնյակ ավիաընկերությունների հետ
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցում է սեպտեմբերի 19-22-ը Հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում տեղի ունեցող «World Routes 2015» համաժողովին:
Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, համաժողովն անցկացվում է 21-րդ անգամ, համախմբում է համաշխարհային ավիացիոն և զբոսաշրջային ներուժը` միևնույն ժամանակ հանդիսանալով նոր ավիափոխադրումների խթանման և ավիացիոն ծառայությունների զարգացման արդյունավետ հարթակ:
Համաժողովին հայկական պատվիրակության մասնակցության նպատակներից է նաև աշխատանքներ իրականացնել դեպի Հայաստան ներդրումներ և նոր ավիափոխադրողներ ներգրավելու ուղղությամբ: Նախատեսվում են բանակցություններ շուրջ երկու տասնյակ ավիաընկերությունների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն հայաստանյան շուկա վերջիններիս մուտք գործելու ձևաչափերը և գործիքակազմը:
Ըստ աղբյուրի, այս տարի միջոցառմանը մասնակցում են շուրջ 250 ավիաընկերություններ, 650 օդանավակայանների ներկայացուցիչներ, ավիացիայի ոլորտի 2500 մասնագետներ և 170 զբոսաշրջային իշխանությունների ներկայացուցիչներ աշխարհի ավելի քան 100 երկրներից:
Պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և Հայաստանի ազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: