ԲՀԿ խոսնակ. Սահմանադրական փոփոխությունների նախագծին դեմ ասելու որևէ լուրջ պատճառ չենք կարող բերել
«Մեր կուսակցության անունից հայտարարում եմ, որ կա կուսակցության և խմբակցության որոշում՝ Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծին քվերակելու ենք կողմ և աջակցելու ենք հանրաքվեի անցկացմանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
Նա վստահեցրեց, որ իրենք մեկ օրում չեն նման որոշում կայացրել, այլ եղել են քննարկումներ մասնագետների, սահմանադրագետների հետ:
«Բազմաթիվ քննարկումներից հետո եկել ենք եզրակացության, որ ներկայացված նախագիծն այնպիսին է, որ դեմ ասելու, չստարելու որևէ լուրջ պատճառ չենք կարող բերել»,- ասաց Վ. Բաբայանը:
ԲՀԿ-ական գործիչը նաև նշեց, որ աշխարհում չկա որևէ երկրի, որի սահմանադրությունն իդեալական լինի:
«Ասել, որ ներկայացված փոփոխությունների նախագիծը իդեալական է, բարձրագոչ հայտարարություն կլինի, բայց հիմնական մասով ընդունելի է մեզ համար, այդ պատճառով էլ որոշում կա ասելու այո»,- ասաց Վ. Բաբայանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն մասնակցելու է «այո»-ի քարոզարշավին:
Նա նշեց, որ իրենց կուսակցության կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ ընդունվել են, պատմական քայլ որակեց, որ նախագծով առաջարկվում է ԱԺ-ն ձևավորվել միայն համամասնական ընտրակարգով, ինչի մասին մշտապես խոսել է հենց ԲՀԿ-ն:
Պատասխանելով հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հայկ Խաչատրյանը հայտարարել է , որ դեմ է սահմանադրական փոփոխություններին, ԲՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ նա նման հայտարարություն է արել նախքան կուսակցության կողմից որոշում ընդունելը:
«Հայկ Խաչատրյանը հայտնել է իր տեսակետն այն ժամանակ, երբ դեռ կուսակցությունում ընթանում էին քննարկումներ: Այս պահի դրությամբ կա որոշում՝ քվերակել այո: Խմբակցության այն անդամները, ովքեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ են, պարտավոր են իրականացնել կուսակցության վերադաս մարմնի որոշումները: Եթե չեն իրականացնի, այն ժամանակ կլինի կուսակցության որոշումը»,- ասաց Վ. Բաբայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան