Լրագրողի ձերբակալությունից հետո Ադրբեջանը նախազգուշացրել է օտարերկրյա լրատվամիջոցներին
Եվս մեկ լրագրողի ճաղերի հետեւ գցելուց հետո Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան օտարերկրյա լրատվամիջոցներին խորհուրդ է տվել ենթարկվել երկրի մամուլի վերաբերյալ խիստ կանոնակարգին, կամ առերեսվել դրա հետեւանքներին։ Նախազգուշացումը հասցեագրված է եղել նաև ԱՄՆ կառավարության լրատվամիջոցին՝ «Ամերիկայի Ձայն» գործակալությանը, հայտնում է EurasiaNet գործակալությունը։
«Ամերիկայի ձայն»-ի եւ Բեռլինում գործող «Մեյդան հեռուստաընկերության» նման լրատվական գործակալությունների գործողությունները «չեն համապատասխանում կանոններին եւ նրանց գործողությունները երկրում անօրինական են», - ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ նման հայտարարությամբ հանդես է եկել նախագահ Իլհամ Ալիեւի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ալի Հասանովը։
Վերջինս նաեւ նշել է, որ ըստ կառավարության կարգի՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից հավատարմագրում չստանալը հանգեցրել է «Մեյդան հեռուստաընկերության» որոշ լրագրողների ձերբակալության։
Աղբյուրի փոխանցմամբ`նման միջոցառումներով չի կարելի արդարացնել բյուրոկրատական ձախողումները, սակայն դա Հասանովին չի կանգնեցնում։ Ադրբեջանում մարդու իրավունքների իրադրության վերաբերյալ, մասնավորապես, հետաքննող լրագրող Խաջիդա Իսմայիլովայի ազատազրկումից հետո միջազգային քննադատության աճի պարագայում, անգամ Հասանովը եւ մյուս պաշտոնյաները իրադրության շտկման որեւէ նշան չեն ցուցադրում։
Ինչպես նշվում է, վերջերս «Մեյդան հեռուստաընկերության» 19-ամյա լրագրող է ձերբակալվել եւ 30-օրվա ազատազրկման դատապարտվել՝ ոստիկանությանը դիմադրելու կեղծ մեղադրանքի հիման վրա։ Ալիեւի իշխանությունը քննադատող այդ գործակալության մի քանի լրագրողներ հրավիրվել են ոստիկանական բաժանմունք։ «Մեյդան հեռուստաընկերությունը» եւ մամուլի իրավունքները դիտարկող միջազգային կազմակերպությունները հայտնել են, որ այդ ընկերությունը եւ դրա տնօրեն Էմին Միլլին հայտնվել են կառավարության հետապնդումների քաղաքականության կիզակետում։
Աղբյուրը հավելում է, որ Բաքուն նաեւ փորձում է իր ճնշման քաղաքականությունը տարածել միջազգային լրագրողների նկատմամբ՝ հայտարարելով, որ նախատեսում է դատական գործընթաց սկսել France2 ֆրանսիական հանրային հեռուստաընկերության դեմ այն հեռուստածրագրի համար, որում Ալիևին բռնակալ են անվանել:
Աղբյուրի դիտարկմամբ` պաշտոնյաները կարծում են, որ նման դիտարկումները հակա-ադրբեջանական, զրպարտիչ արշավի մաս են, սակայն իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ կառավարության գործողությունները կեղծ արդարացումներ են, որոնցով փորձ է արվում լռեցնել լրատվամիջոցներին: