Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը նպաստող գործոնները՝ ըստ փորձագետի
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ: Վարչապետները քննարկել են Իրան–Հայաստան երկաթուղու, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրերը: Չինաստանի վարչապետը վերահաստատել է չինական կողմի հետաքրքրվածությունն այս հարցում: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հնարավորության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Panorama.am-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:
«Հայաստանի համար Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունն ունի ռազմավարական նշանակություն: Հայաստանը երկաթգծի շինարարությունը դիտարկում է ոչ միայն հայ-իրանական համագործակցության շրջանակում, այլև փորձում է այդ նախագծում ներգրավվել նաև ԵԱՏՄ և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրներին՝ մասնավորապես Չինաստանին»,-մեզ հետ զրույցում նշեց Իսրայելյանն ու հավելեց. «Ինչպես Հայաստանը, այնպես էլ Իրանն ամենաբարձր մակարդակով կողմ են արտահայտվել երկաթգծի շինարարությանը: Ուրախալի է, որ Չինաստանը ևս հետաքրքրվածություն է ցուցաբերում այս հարցում»:
Անդրադառնալով վարչապետի այցին՝ նշեց, որ օրերս Չինաստան էր մեկնել նաև Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը չինացի իր գործընկերոջ հետ քննարկել էր տրանսպորտի և երկաթգծի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Իսրայելյանի խոսքով՝ Չինաստանի հետ համագործակցության խորացումն Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը՝ փորձագետը նշեց. «Սովորաբար նման ծավալի խոշորամաշտաբ նախագծերը մեկ կամ երկու տարում չեն կառուցվում: Կարևորն այն է, որ հարցը գտնվում է օրակարգում: Հայաստանն ու Իրանը բարդ աշխարհագրական պայմաններում գազատար կառուցելու փորձ արդեն ունեն, կարծում ենք, որ Իրանի միջուկային խնդրի վերջնական կարգավորմամբ՝ կբարելավվի տարածաշրջանի անվտանգության միջավայրը, իսկ այս պարագայում նաև տնտեսապես շահավետ կլինի երկաթգծի կառուցումը»:
Իսրայելյանի խոսքով՝ բացի միջուկային համաձայնությունից՝ երկաթգծի կառուցմանը նպաստող գործոններից մեկն էլ այն է, որ, հաշվի առնելով տարածաշրջանում, հատկապես Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները, Եվրոպա բեռնափոխադրումներ կատարելու առումով Հայաստանի տարածքն անվտանգության տեսանկյունից ավելի գրավիչ է դառնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան