ԱՄՆ ներկայացուցիչ․ Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումը մտահոգիչ է
Վարշավայում ընթացող ԵԱՀԿ Մարդկային չափման խնդիրների իրականացման հարցերով հերթական խորհրդակցության ժամանակ ԱՄՆ պատվիրակության ղեկավար Դեյվիդ Քրեմերն իր ելույթում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների համատեքստում անդրադարձել է նաև Ադրբեջանին։
«Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումը մտահոգիչ է։ Մարդու իրավունքի ակտիվիստները, լրագրողները եւ նրանց շահերը ներկայացնող փաստաբանները հարցաքննվում են կամ ազատազրկման մեջ են գտնվում, իսկ ազատազրկման դատապարտվածներից մի քանիսի առողջական վիճակը արագորեն վատթարանում է։ Ադրբեջանի կառավարությունը Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակմամբ եւ ԺՀՄԻԳ դիտորդների քանակը կրճատելու վերաբերյալ պնդումներով նահանջել է ԵԱՀԿ կառույցների հետ համագործակցությունից»,- ասել է ամերիկացի դիվանագետը։
Նշենք, որ Մարդկային չափման խնդիրների իրականացման հարցերով խորհրդակցությունը (HDIM, Human Dimension Implementation Meeting) մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով համաեվրոպական խոշորագույն ամենամյա կոնֆերանս է, որն անց է կացվում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ հովանու ներքո: Կոնֆերանսին կազմակերպության անդամ 57 երկրների ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացությունները քննարկում են ԵԱՀԿ գործողության տարածքում մարդկային չափման հիմնախնդիրները, առկա պայմանավորվածությունների կատարման ընթացքը և գործող լուծումների բարելավման ուղղությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան