Պատրիկ Ֆիորին վերադարձավ իր արմատներին ու նոր արմատներ ձգեց այդ հողում՝ Շուշիում. Նարինե Աղաբալյան
Արցախում մշակութային քաղաքականությունը երկու կարևոր ուղղություն ունի՝ Արցախում մշակույթի զարգացում, մշակութային ինքնության վերարտադրության և պահպանություն, երկրորդ՝ արտաքին կապերի հաստատում, որը կարևոր է թե ինտեգրվելու համար միջազգային մշակութային անցուդարձին, թե ներկայացնելու Արցախը մշակույթի միջոցով: Panorama.am-ի հետ զրույցում մշակութային քաղաքականության կարևորգույն ուղղությունները ներկայացրեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Ըստ նրա, հեղինակավոր արվեստագետների, մշակույթի ոլորտի հեղինակավոր անհատականությունների Արցախ հրավիրելով՝ իրենց հիմնական նպատակն է, որ նրանց միջոցով ճանաչելի դարձնեն Արցախն աշխարհին:
«Գաղտնիք չէ, որ այսօր Ադրբեջանն ամեն ջանք գործադրում է խոչընդոտելու ընդհանրապես Արցախին առնչվող որևէ երևույթ, որը նախաձեռնում են հայերը, առավել ևս արցախցիները, ինչը երբեմն հակասական պատկերացումների առիթ, պատճառ է դառնում, որպեսզի Արցախի մասին հակասական պատկեր ունենա միջազգային հանրությունը: Հեղինակավոր մարդկանց խոսքը միշտ էլ լսելի է, ընդունելի է, նրանց միջոցով ակնկալում ենք Արցախի ճանաչմանն ուղղված մեր խնդիրը լուծել: Օրեցօր ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր մեծ պատրաստակամությամբ գալիս են Արցախ, առաջին այցից հետո երկարատև համագործակցության պատրաստակամություն են հայտնում: Նրանց հետևելով՝ մյուսներն էլ են գալիս»,- ասաց Ն. Աղաբալյանը:
Նա հիշեցրեց սեպտեմբերի 19-ին Ստեփանակերտի վերածննդի հրապարակում, «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնի շրջանակներում տեղի ունեցած ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորիի մենահամերգը:
«Պատրիկ Ֆիորին ոչ միայն ազգությամբ հայ է, այլ շուշեցի հայ է: Շատ խորհրդանշական է, որ նա վերադարձավ իր արմատներին, նոր արմատներ ձգեց այդ հողում՝ ծառ տնկելով հենց Շուշիում»,- նշեց Արցախի մշակույթի նախարարը:
Նա ասաց, որ առաջիկայում ունեն շատ ծրագրեր, որոնց մասին նախապես չեն հաղորդում բոլոր հնարավոր խոչընդտոները կանխելու նպատակով:
Ինչ վերաբերում է մշակութային հուշարձանների պահպանությանը, Ն. Աղաբալյանն ասաց, որ պետական ծրագրի համաձայն, իրականացվում են վերականգնման աշխատանքներ, բայց ամեն ինչ կախված է ֆինանսական միջոցներից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա