Հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մինչև տարեվերջ կհանդիպեն. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդլայնված բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համապարփակ փոխհամաձայնության հասնելու ուղղությամբ նպաստել են, որպեսզի անցած տարեվերջից հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի երկայնքով առաջացած լարվածությունը մեղմվի: Այս մասին ադրբեջանական «Trend.az» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ուորլիքը ասել է, որ համանախագահները անհամբերությամբ սպասում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից երկու երկրների նախագահների հերթական հանդիպումը նախապատրաստելուն ուղղված աշխատանքների վերսկսմանը:
«Մենք հույս ունենք, որ նախագահները կհամաձայնեն հանդիպել մինչև տարեվերջ: Համանախագահները կքննարկեն այս ծրագրերը արտգործնախարարների հետ միասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում`շարունակելու համար նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքները»,-նշել է ամերիկյան համանախագահը:
Ուորլիքը, ղարաբաղյան հակամարտության համատեքստում անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին, նշել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Միացյալ նահանգները ունեն նույն մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, այն է` խաղաղ բանակցային մոտեցումը չունի այլընտրանք:
«Չնայած այլ ոլորտներում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առկա տարաձայնություններին` մենք ռուսաստանցի համանախագահի հետ սերտ համագործակցային աշխատանք են կատարում`ձգտելով հասնել մեր հիմնական նպատակին, այն է`Ղարաբաղի հակամարտության հարցում հասնել երկարաժամկետ կարգավորման, որը կվերափոխի Հարավային Կովկասը»,-մեկնաբանել է Ջեյմս Ուորլիքը: