Ադրբեջանը նախատեսում է ազգային համացանցային որոնման համակարգ ստեղծել
«Google, Bing, Yahoo, բոլորդ մի կողմ շարժվեք։ Առաջին անգամ Հարավային Կովկասում․ Ադրբեջանը աշխատում է սեփական համացանցային որոնման համակարգի ստեղծման ուղղությամբ։ Խստորեն վերահսկվող, էներգակիրներ արտահանող երկրի պաշտոնյաները հայտնել են, որ այդ գաղափարը բխում է և ազգային անվտանգության, և առևտրային նկատառումներից»,- այսօր հրապարակված անդրադարձում գրում է EurasiaNet-ը։
Աղբյուրը նշում է, որ երկրի Կապի նախարարության վերահսկողության ներքո ադրբեջանական մասնագետներն արդեն մշակել են վեբ որոնիչներ և այժմ աշխատում են ծրագրային ապահովման վրա։
Հղում անելով ադրբեջանական մամուլին՝ աղբյուրը նշում է, որ տեխնոլոգիական զարգացման պետական «Դիլմանկ» ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ազգային որոնման համակարգի ստեղծմամբ Ադրբեջանում տեղեկատվական անվտանգությունն առավել կմեծանա։ «Նախարարությունը դեռևս չի մշակել, թե ինչն է ընկալվելու որպես սպառնալիք, սակայն որոշ իրավապաշտպան ակտիվիստներ ենթադրում են, որ նախարարության հիմնական մտահոգությունը լինելու են կառավարության քննադատները»- նշում է աղբյուրը։
Հրապարակման հեղինակի պնդմամբ՝ ավանդական մամուլի՝ ամբողջությամբ կառավարության կողմից վերահսկվելու պարագայում ինտերնետը և, մասնավորապես, Facebook-ն Ադրբեջանում շարունակում են մնալ իշխանությունների դեմ քննադատության բարձրաձայնման միակ հարթակը։ «Սակայն կառավարությունն արդեն իսկ ձեռք է բերել համացանցային հավատարմության ձգտման հեղինակություն։ «Freedom House»-ն հայտնում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում առավել մեծանում է առցանց ակտիվիստների և բլոգերների նկատմամբ ճնշումը»,- ամփոփում է EurasiaNet-ը։