«Եվրանեսթ»-ի նիստերին չմասնակցելու մասին որոշումը ադրբեջանական հերթական շանտաժն է. Արտակ Զաքարյան
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ»-ում (Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով) Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը շանտաժ է համարում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի որոշումը` «Եվրանեսթի» նիստերին չմասնակցելու մասին:
«Դա մեզ համար ոչ տարօրինակ էր և ոչ էլ անակնկալ: Դա Ադրբեջանի արդեն երրորդ նման շանտաժն է, որ ԵԽ-ի նկատմամբ արվում է: Դա ես համարում եմ շանտաժ, որովհետև ի՞նչ է նշանակում այդ քայլը եթե ոչ շանտաժ. ԵԽ-ն ընդունում է բանաձև մարդու իրավունքների վերաբերյալ, փոխարենն Ադրբեջանը շնորհակալություն հայտնի, որ ԵԽ-ն փորձում է մատնանշել և ժողովրդավարական երկխոսության կոչ անել Ադրբեջանին, բայց վերջինն իր բռնապետական քայլերով ի պատասխան, ոչ ադեկվատ շանտաժի լեզու է կիրառում Եվրոպական խորհրդարանի նկատմամբ և հրապարակային փորձում է նեղացածի կեցվածք ընդունել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Զաքարյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած հատուկ նիստում ընդունվել է փաստաթուղթ, որի համաձայն նաև «դադարեցվում է ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը «Եվրանեսթ»-ի նիստերին, ինչպես նաև դադարեցվում է այդ նիստերին նախկինում մասնակցող խորհրդարանական պատվիրակության գործունեությունը»: Ադրբեջանին այս քայլին մղել էր Եվրախորհրդարանի խիստ դատապարտող բանաձևը, որն ընդունվել էր սեպտեմբերի 10-ին:
Այդ բանաձևում նշվում էր, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակը շարունակաբար վատացել է, աճել է ՀԿ-ների ղեկավարների, իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների ահաբեկումները, հալածանքները և քրեական հետապնդման պրակտիկան։ Ըստ նույն բանաձևի, Ադրբեջանում վերջին 10 տարիներին տեղի է ունեցել ժողովրդավարական կառավարման ամենամեծ անկումը ողջ Եվրասիայի տարածքում։
Նշվում էր նաև, որ Եվրոպական խորհրդարանը հրաժարվել է դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանում 2015թ․-ի նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություներին, քանի որ գտնում է, որ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար հիմքեր չկան։
Արտակ Զաքարյանի խոսքով, Ադրբեջանն այս քայլով փորձում է «եվրոպացիների սիրտը շահել ու ավելի մեղմ վերաբերմունք ստանալ նրանց կողմից»:
«Մտածում եմ, որ եվրոպացիները, հանուն Արևելյան գործընկերության աչք կփակեն Ադրբեջանում հակաժողովրդավարական զարգացումների վրա», -հավելեց Արտակ Զաքարյանը:
Հոկտեմբերի 7-ին կկայանա «Եվրանեսթի» բյուրոյի նիստ, որտեղ Ադրբեջանի այդ որոշումը քննարկման առարկա կդառնա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան