«Կարմեն» օպերայի պրեմիերան՝ սեպտեմբերի 24-ին և 25-ին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 24-ին և 25-ին տեղի կունենա ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերան /2 արար և 4 պատկեր/: Այս մասին հայտնում են թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ներկայացման բեմադրիչն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը, դիրիժորները՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը և Աթանես Առաքելյանը: Օպերային ներկայացման նկարիչն է ՀՀ վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյանը, զգեստների նկարիչն է Աստղիկ Ստեփանյանը: Ներկայացմանը մասնակցում է «Ձայնի պահպանման» վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը, խմբավար՝ Էմմա Առաքելյան: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը:
Ժ. Բիզեի «Կարմեն» օպերան /ըստ Պրոսպեր Մերիմեի համանուն նովելի/ 19-րդ դարի ռեալիստական օպերային արվեստի գլուխգործոցներից է. նրա երաժշտայնությունը հագեցած է զորեղ դրամատիզմով, արտահայտիչ մեղեդայնությամբ, հստակ գործիքավորումով: «Կարմեն» օպերան ներկայումս ընդգրկված է աշխարհի հեղինակավոր թատրոնների մշտական խաղացանկում:
«Կարմեն» օպերան առաջին անգամ բեմադրվել է 1875 թ. մարտի 3-ին Փարիզի «Օպերա Կոմիկ» թատրոնում: Օպերան սկզբնական շրջանում սուր քննադատության է արժանացել, սակայն 1875 թ. հոկտեմբերին բեմադրվել է Վիեննայում, ինչից էլ սկսվել է «Կարմեն»-ի համաշխարհային հռչակը: Դեռևս 1880 թվականին Պյոտր Չայկովսկին կանխատեսել է, որ Բիզեի «Կարմեն»-ը միշտ կմնա աշխարհում ամենաճանաչված ու ամենասիրված օպերան:
«Կարմեն» օպերան Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1924 թվականին Լենինականի օպերա-օպերետային թատրոնում, իսկ Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ 1934 թվականին /դիրիժոր՝ Ս. Չարեկյան, բեմ.՝ Ա. Բուրջալյան/: