Ամենախոցելիներից մեկն այսօր ջրային համակարգն է. փոխնախարար
ԱՄՆ ՄԶԳ-ի «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիրն արդարացրեց մեր ակնկալիքները: Այսօր ծրագրի եզրափակիչ շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանն՝ ընդգծելով, որ այսօր ամենախոցելի համակարգերից մեկը ջրային համակարգն է:
«Ստացված արդյունքները գոհացնող են: Ծրագրի միջոցով ՀՀ-ում մշակվեց առաջին ջրավազանային կառավարման համակարգը: Ես լավատես եմ, հուսով եմ` համալիր ձևով մշակված պլանը մեզ կօգնի: Այս համագործակցությունը պետք է շարունակվի»,-նշեց փոխնախարարը:
ԱՄՆ ՄԶԳ ՄԷՋԾ-ի նպատակն է բարելավել Հայաստանում ջրային և էներգետիկ ռեսուրսների կառավարումը, ինչպես նաև աջակցել կլիմայի փոփոխության մարտահրավերների արդյունավետ հաղթահարմանը: ՄԷՋԾ աջակցել է Հայաստանի կառավարությանը ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գործում:
Բնապահպանության նախարարության հետ մշակել է Հարավային ջրավազանային կառավարման պլանը Որոտանի, Ողջիի և Մեղրիգետի գետավազանային պլաններով: Ծրագիրն իրականացրել է նաև Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների համալիր ուսումնասիրություն` բացահայտելով ստորերկրյա ջրերի մակարդակի սպառնալի վիճակը:
Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ հենց ջրային ռեսուրների պահպանման ահազանգերի արդյունքն է այս միջոցառումը. «Այստեղ դրականը այն է, որ հավաքվել են փորձագետներ տարբեր ոլորտներից, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ջրային էկոհամակարգերի հետ, ուսումնասիրվել է հարցը, և եզրակացության են եկել, որ, իրոք, մեր նորմատիվները թույլ չեն տալիս էկոհամակարգերին բնականոն գործել»:
Բնապահպանն ավելացրեց, որ այժմ առաջարկ կա վերանայել այդ նորմատիվները:
Նշենք, որ ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ տարբեր մարզերում ՄԷՋԾ-ի կողմից իրականացվել է 24 ծրագիր՝ ջրամատակարարման և լուսավորության համակարգերի բարելավման, ջեռուցման համակարգերի տեղադրման և այլն:
ՏԻՄ-երի և այլ կազմակերպությունների հետ համատեղ իրականացված մոտ 1.306.000 ԱՄՆ դոլար բյուջե ունեցող ծրագրերի շահառուների թիվը կազմում է շուրջ 50.000 մարդ: