Politico: Ադրբեջանի նկատմամբ կոշտ քաղաքականության ժամանակն է
«Լուռ դիվանագիտությունը չի աշխատում: Հայտարարությունները այն մասին, որ Միացյալ Նահանգները «խորապես անհանգստացած» է մարդու իրավունքների խախտումներից արդյունք չեն ունենում: Բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյաների այցելությունները ընկալվում են, որպես աջակցություն իշխող ռեժիմին, իսկ նրանք, ովքեր քննադատում են մարդու իրավունքների խախտումները, մեղադրվում են հակաադրբեջանականության մեջ, կամ ավելի վատ: Այս տխուր փակուղին պետք է հաղթահարել եւ դա անել արագ: Մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ ներգրավված ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն: Հետաքննություններ պետք է սկսել Ադրբեջանի իշխող ռեժիմի համատարած կոռուպցիոն համակարգի հետ կապված: Իսկ քաղաքական բանտարկյալները պետք է ազատ արձակվեն: Միացյալ Նահանգները եւ Եվրոմիությունը միասին պետք է խոսքից անցնեն գործի»:
Այս մասին գրում են Freedom House իրավապաշտպան կազմակերպության նախկին նախագահ Դեվիդ Քրամերը եւ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ հոդվածում, որտեղ սուր քննադատության են ենթարկում Ալիեւի վարչակազմին խոսքի ազատության եւ քաղաքացիների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հետապնդումների եւ բանտարկությունների քաղաքականության հետ կապված:
Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով.
«Ադրբեջանից այս օրերին դուրս եկող գրեթե բոլոր նորությունները վատն են: Օգոստոսի 9-ին անկախ լրագրող Ռասիմ Ալիեւը դաժան ծեծի էր ենթարկվել եւ սպանվել: Դրանից մի քանի օր անց քաղաքացիական ակտիվիստներ Լեյլա եւ Արիֆ Յունուսները դատապարտվեցին երկարամյա բանտարկության՝ քաղաքական ենթատեքստ ունեցող մեղադրանքների հիման վրա: Սեպտեմբերի 1-ին բազում մրցանակների արժանացած հայտնի լրագրող Հատիջա Իսմայիլովան աբսուրդային մեղադրանքներով դատապարտվեց յոթ եւ կես տարվա ազատազրկման: Անցյալ շաբաթ ԵԱՀԿ-ը հայտարարեց, որ գալիք պառլամենտական ընտրությունների համար դիտորդական առաքելություն չի իրականացնելու, քանի որ Ադրբեջանի իշխանությունները փորձել են կոշտ սահմանափակումներ մտցնել առաքելության կազմի հետ կապված:
2013-ի կեղծված ընտրություններից հետո Իլհամ Ալիեւի ռեժիմը բոլոր՝ ներքին եւ արտաքին թշնամի ընկալվողների նկատմամբ հալածանքներ է իրականացնում: Ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ բոլորը ենթարկվում են հետապնդումների եւ խարանվում են, որպես պետության թշնամիներ:
Նախագահ Իլհամ Ալիեւը լրագրող Ռասիմ Ալիեւի սպանության հետ կապված հայտարարեց, որ դա «խոսքի եւ տեղեկատվության ազատության սպառնալիք է» եւ ինքը «անձամբ կվերահսկի հետաքննությունը»:
Սա շատ առատաձեռն է մի մարդու կողմից, ում ամերիկյան իրավապաշտպան Լրագրողների պաշտպանության կոմիտե կազմակերպությունը նկարագրում է, իբրեւ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում լրագրողների առաջատար բանտարկող: ԵԱՀԿ ներկայացուցիչների հաշվարկներով ավելի քան 10 լրագրող այժմ այդ երկրում բանտարկված է կամ գտնվում է նախաքննական կալանքի տակ: Լրագրողներ Էլմար Հուսեյնովի (2005) եւ Ռաֆիկ Թաղիի (2011) սպանությունները դեռեւս բացահայտված չեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան