«Politico». «Ժամանակն է կոշտ վերաբերվել Ադրբեջանին»
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կաուզլարիչը և «Freedom House» կազմակերպության նախկին նախագահ Դեյվիդ Քրամերը «Politico» պարբերականում անդրադարձել են Ադրբեջանի ներքաղաքական դրությանը` նկատելով, որ վերջին շրջանում այդ երկրից մշտապես վատ լուրեր են ստացվում:
Հեղինակները, անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար դրությանը, հիշեցնում են, որ բոլորովին վերջերս այդ երկրում դաժան ծեծի արդյունքում մահացավ անկախ լրագրող Ռասիմ Ալիևը: Այնուհետև հեղինակները անդրադառնում են Լեյլա և Արիֆ Յունուսների` քաղաքական շարժառիթներով ձերբակալությանը, ինչպես նաև Խադիջա Իսմայելովային 7.5 տարի ազատազրկման դատապարտելուն:
Հեղինակները նկատում են, որ 2013թ-ին Իլհամ Ալիևի` նախագահական կեղծված ընտրություններում հաղթանակ տանելուց հետո նրա ռեժիմը դարձել է կատարյալ անհանդուրժող` քննադատական տեսակետներ հնչեցնող լրագրողներին, քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, իրավապաշտպաններին դարձնելով երկրի թշնամիներ և կեղծ մեղադրանքներ հարուցելով վերջիններիս նկատմամբ:
Հեղինակները արձանագրում են նաև, որ Ալիևի ռեժիմի կոշտ ձեռքից արտասահմանում ապաստան ստացած մարդիկ նույնպես չեն կարողանում ձերբազատվել ռեժիմի հալածանքներից և որպես օրինակներ ներկայացնում են Գերմանիայում գործող ադրբեջանական «Մեյդան TV»-ի ղեկավարի հասցեին մահվան սպառնալիքներ տեղալու հանգամանքը:
Կաուզլարիչը և Քրամերը խոսում են այն մասին, որ Յունուս ամուսինների դեմ կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև այն պատճառով, որ նրանք իրենց քաղաքացիական գործունեությամբ փորձեր էին անում հայ-ադրբեջանական հաշտեցմանն ուղղված ծրագրեր իրականացնել և համագործակցել հայ գործընկերների հետ:
Քննադատելով Ադրբեջանում տիրող իրավիճակը` հոդվածագիրները նաև նկատում են, որ դրության բարելավման վրա չեն ազդում նույնիսկ ԱՄՆ կողմից հնչեցվող հայտարարությունները: Միաժամանակ նրանք մեղադրում են ԱՄՆ-ին` Ադրբեջանում տեղ գտած բոլոր դեպքերին ոչ պատշաճ և թույլ քննադատություններով արձագանքելու համար:
«Փոխարենը կոպիտ կերպով քննադատելու Ադրբեջանում տիրող այս զարգացումները, Միացյալ Նահանգները բանագնացներ է ուղարկում այդ երկիր` քննարկելու էներգետիկ և ավնտանգության հետ առնչվող հարցեր… հանդարտ դիվանագիտությունը չի աշխատում, իսկ մտահոգված և խորը հիասթափված լինելու մասին հայտարարություններն էլ որևէ ազդեցություն չունեն: ԱՄՆ պաշտոնյաների այցը կարող է վկայել այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է Ալիևի ռեժիմին: Մինչդեռ մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված ադրբեջանցի պաշտոնյաները պետք է պատժամիջոցների ենթարկվեն: Հետաքննությունների շարքը պետք է ներառի նաև կոռուպցիայի հետ կապված թեմաները, որոնք խիստ բնորոշ են ադրբեջանական ռեժիմին: ԱՄՆ –ն և ԵՄ-ը համատեղ պետք է խոսքից գործի անցնեն»,- եզրափակում են հոդվածագիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան