Ծեծի ենթարկված ազատամարտիկը ճանաչել է կասկածյալներից մեկին
Այս պահին Սբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժում ստացող սեպտեմբերի 21-ին դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հետ քննչական գործողություններ են իրականացվում, նա ճանաչել է կասկածյալներից մեկին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Սմբատ Հակոբյանի ընկեր, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:
Նշենք, որ ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով բերման է ենթարկվել 3 անձ` 28-ամյա Ա. Գրիգորյանը, 28-ամյա Հ. Պետրոսյանը և 36-ամյա Ա. Սարգսյանը:
Ռազմիկ Պետրոսյանը, սակայն, չհստակեցրեց, թե նրանցից հատկապես ում է ճանաչել Հակոբյանը: Պետրոսյանը փոխանցեց, որ Հակոբյանի առողջական վիճակն այսօր արդեն բավարար է:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Հայազն» կուսակցության կողմից դեպի Հանրապետական կուսակցության կազմակերպած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21–ին մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին և Աբովյան փողոցում ծեծի ենթարկել նրան: Սմբատ Հակոբյանը Հանրապետականի գրասենյակի առաջ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Սմբատ Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում