
Ուինսթոն Չերչիլին պատկանած գրպանի ժամացույցը աճուրդում վաճառվել է 670 հազար եվրոյով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին պատկանած գրպանի ժամացույցը վաճառվել է 670 հազար եվրոյով (շուրջ 746 հազար դոլար): Այս մասին հայտնում է Գազետա. ռու-ն՝ հղում անելով Business Standard-ին:
Աճուրդը տեղի է ունեցել Լոնդոնի Sotheby's աճուրդի տանը:
Նշվում է, որ ժամացույցի ընդհանուր արժեքը մոտ ութ անգամ ավելի բարձր է, քան փորձագետների նախնական գնահատականներն էին:
Ժամացույցն արտադրվել է ընդամենը 4 օրինակով, որոնք Շվեյցարիայի ամենահարուստ բնակիչները նվիրել են Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարներին` Երկրորդ աշխարհամարտի տարիներին նրանց գործունեության համար։ Չերչիլից բացի ժամացույցները տրվել են Իոսիֆ Ստալինին, Շառլ դը Գոլին և Հարի Թրումանին:
Sotheby's աճուրդը նվիրված էր երկու կարևոր իրադարձությանը՝ երկրորդ աշխարհամարտի ավարտի 70- ամյակի և Չերչիլի մահվան 50-րդ տարելիցի կապակցությամբ: