Կո՞ղմ, թե՞ դեմ. Ալումյանը Սահմանադրական երկընտրանքից դուրս գալու լուծում է առաջարկում
Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանն, օրինակ, կողմ է մեր երկրում 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի ներդրմանը, ինչը նախատեսվում է Սահմանադրության փոփոխությունների նախագծով: Բայց նույն Նախագծի միայն 2-րդ գլուխը, որը վերաբերում է Մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին, նրան հետ է պահում Նախագծին կողմ արտահայտվելուց:
Այսօր Գործընկերություն բաց հասարակության կազմակերպած «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. հանրաքվե–արտահայտվելու ազատությունը» խորագրով քննարկման ժամանակ Ալումյանը ներկայացրեց մի իրավիճակ, երբ մարդը ընդհանուր առմամբ դեմ է Նախագծին, սակայն կան դրույթներ որոնց սկզբունքորեն կողմ է, բայց արդյունքում` հանրաքվեի ժամանակ ինքը քվեարկելու է դեմ:
«Ասածիս իմաստն այն է, որ եթե մենք ունենք Նախագծում կատարված 200 փոփոխություն, ապա քվեարկենք կողմ, թե դեմ երկու դեպքում էլ քվեարկելու ենք սեփական կարծիքի դեմ: Օրինակ, ես կողմ եմ պառլամենտի` համամասնական ընտրակարգով ձևավորմանը, և ես կքվեարկեի այդ փոփոխության օգտին: Բայց դեմ եմ Նախագծի 58-րդ հոդվածին` սեփականության իրավունքի հետ կապված, որը չի նախատեսում դատական կարգ: Ինչ կերպ վարվեմ հանրաքվեի ժամանակ: Եթե քվեարկեմ այո, ապա ես դեմ կգնամ իմ սկզբունքներին, իսկ եթե քվեարկեմ դեմ, ապա դեմ կգնամ իմ համոզմունքներին», -իրավիճակը ներկայացրեց Ալումյանը:
Նրա խոսքով, այս երկընտրանքից դուս գալու լուծումը կա. Սահմանադրության փոփոխությունների նախագծի փոխկապակցված փոփոխությունները, որոնք կատարվել են Նախագծի 4, 5, 6 և 7-րդ գլուխներում (իշխանական ճյուղերի մասին) և դրանց հետ կապ չունեցող ու մարդու իրավունքներին վերաբերող գլուխները դնել առանձին քվեարկության:
«Դրանցից յուրաքանչյուրի մասին առանձին-առանձին պետք է ձևավորվի հասարակական կարծիք: Իշխանության ճյուղերի ձևավորման վերաբերյալ դրույթները տեխնիկապես կարելի է դնել քվեարկության», -պնդեց փաստաբանը:
Նա ասաց, որ իր համար տարօրինակ է, որ Սահմանադրության փոփոխությունների քննարկման բուռն գործընթացում նույնիսկ քաղհասարակությունն է քաղաքական թեմաներով արտահայտվում` անտեսելով Սահմանադրության այդքան կարևոր մարդու իրավունքների վերաբերյալ 2-րդ գլուխը:
«Այդ գլուխը խայտառակ ձևով կրճատում է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Այդ նախագիծը չպետք է դառնա Սահմանադրություն հենց միայն այդ երկրորդ գլխի գոյության համար», -հավելեց Հայկ Ալումյանը:
Հարակից հրապարակում`
Սահմանադրության փոփոխություններով սահմանափակվում են մարդու իրավունքները. Հայկ Ալումյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան