Սահմանադրության փոփոխություններով սահմանափակվում են մարդու իրավունքները. Հայկ Ալումյան
«Այսօր քաղաքական ուժերը հանրության քննարկման են դրել Սահմանադրության փոփոխությունների զուտ քաղաքական մասը, որոնց համաձայն կառավարման համակարգ է փոխվում: Բայց համարյա երբեք չի խոսվում մնացած փոփոխությունների մասին, որոնք շատ ավելի կարևոր են, քան քաղաքական փոփոխությունները»,-այսօր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը:
Նշենք, որ քննարկումը կազմակերպել է Գործընկերություն բաց հասարակության կազմակերպությունը: Քննարկմանը հրավիրվել էին նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովից, բայց, ինչպես հայտարարվեց, չէին ներկայացել:
Ալումյանն ահազանգ է հնչեցնում այն մասին, որ Սահմանադրության նախագծի 2-րդ գլուխը` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին, չպետք է ընդունվի: Այս գլխում, նրա պնդմամբ, նախատեսվում են փոփոխություններ, որոնք էականորեն նվազեցնում են մարդու ազատությունները մեր երկրում:
«Քվեարկության պահի դրությամբ հասարակությունը լավագույն դեպքում իրազեկված է լինելու քաղաքական փոփոխությունների մասին: Այնինչ, հասարակության յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է իրազեկված լինի բոլոր փոփոխությունների մասին»,-հավելեց Ալումյանը` նկատելով, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է հասարակությանը իրազեկեն հենց այդ մասին: