Շիրակի մարզի բնակիչներին տրամադրվում են ակնաբուժական անվճար ծառայություններ
Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի «Լույս հայի աչքերին» համատեղ ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-ից Աչքի շարժական հիվանդանոցն արդեն 3-րդ այցն է իրականցնում Շիրակի մարզում։
Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, նախագծի նպատակն է մարզի բնակիչների համար ակնային անվճար զննումներ անցկացնել և բուժումներ իրականացնել սոցիալապես անապահով անձանց համար: Տեղական մասնագետների կողմից հուլիս-օգոստոս ամիսներին Շիրակում արդեն անցկացվել են ակնային զննումներ, որոնց արդյունքում խորացված հետազոտության և հետագա բուժման կարիք ունեցող բնակիչներն ուղղորդվել են Աչքի շարժական հիվանդանոց (ԱՇՀ): Շարժական հիվանդանոցն արդեն ավարտել է աշխատանքը Մարալիկ քաղաքում՝ իրականացնելով աչքի անվճար վիրահատություններ և լազերային բուժումներ, և այժմ կայանել է Արթիկում: Այս աշխատանքներին զուգահեռ նաև հանրակրթական դպրոցներում կազմակերպվում են աչքի խնամքի վերաբերյալ դասընթացներ և ակնային զննումներ երեխաների համար:
Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի ղեկավարները սեպտեմբերի 23-ին այցելեցին Արթիկ՝ ծանոթանալու Աչքի շարժական հիվանդանոցի ընթացիկ աշխատանքներին և Արթիկի դպրոցում անցկացվող ակնային ստուգումներին:
«ՀԱՆ-ի հետ մեր հնգամյա համագործակցության շրջանականերում որակյալ ակնաբուժական ծառայություններից օգտվել է ավելի քան 82000 մարզային բնակիչ: Orange Հիմնադրամի իրականացրած ծրագրերից հատկապես կարևորում ենք այս մեկը, քանի որ այն իրական և շոշափելի փոփոխություն է բերում մարդկանց կյանքում՝ օգնելով շատերին շտկել տեսողական խնդիրները և անգամ վերականգնել տարիների շարունակ կորցրած տեսողությունը: Շիրակի մարզից հետո ակնաբուժական խմբերն ուղևորվելու են Արագածոտնի մարզ, որտեղ արդեն իսկ մեկնարկել են զննումները տեղի ակնաբույժների կողմից», - ասել է Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը:
«Ուրախ եմ, որ Orange Հիմնադրամի հետ շարունակական համագործակցության շնորհիվ ՀՀ մարզերում իրականացնում ենք այս ծրագիրը։ Շիրակի մարզում մենք նախատեսել ենք 2000-ական աշակերտի և մեծահասակի ակնային ստուգում անցկացնել, 650 հիվանդի հետազոտել Աչքի շարժական հիվանդանոցում, որոնցից 300-ին վիրահատել կամ լազերային բուժման ենթարկել։ Հույս ունեմ, որ Հայաստանի մարզային բնակչության համար խիստ կարևոր և օգտակար այս ծրագրի շրջանակներում Orange Հիմնադրամի հետ կշարունակենք մեր համագործակցությունը», - նշել է Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Աչքի շարժական հիվանդանոցն Արթիկում կմնա մինչև սեպտեմբերի 26-ը, իսկ այնուհետև կուղևորվի Ախուրյան:
Այս տարվա ծրագիրը կավարտվի Արագածոտնի մարզով, որտեղ բնակչության համար տեղի ակնաբույժները նախնական զննում կիրականացնեն՝ բացահայտելու միջամտություն պահանջող դեպքերը: Հոկտեմբերի վերջին շարժական հիվանդանոցը կուղևորվի Ապարան, Թալին և Աշտարակ, որտեղ նույնպես կիրականացվեն անվճար վիրահատություններ ու լազերային բուժումներ սոցիալապես խոցելի բնակիչների համար, ում մոտ նախնական զննման փուլում նման անհրաժեշտություն էր գրանցվել: