«Գաղթ». Բացվել է «անծանոթ» Հովհաննես Զարդարյանի յուրահատուկ ցուցահանդեսը
Նկարիչ-մշակ, նկարիչ-հետազոտող, նկարիչ-մտածող: Այսպես է բնութագրել հայ նշանավոր գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանին նրա դուստերը՝ նկարիչ Անահիտ Զարդարյանը: Այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահում բացված «Հովհաննես Զարդարյան «Գաղթ» ցուցահանդեսն էլ բնութագրեց մեկ բառով՝ յուրահատուկ: Ցուցահանդեսի բացման ժամանակ նա հիշեց հոր խոսքերը՝ «լավ նկարչությունը դժվարությամբ է ստեղծվում, բայց մեծ հաճույք է պատճառում ստեղծագործողին», ապա նշեց. «Այս ցուցահանդեսն էլ կարող է մի քիչ անսովոր լինի, բայց համոզված եմ, որ հաճույք է պատճառելու»:
Հայաստանի Ազգային պատկերասրահում «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելից»-ի շրջանակներում այսօր բացված ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան վաթսուն գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ (ընտանիքի հավաքածու):
Արվեստաբան Հասմիկ Բադալյանն ասաց. «Այս շարքում ներկայացված աշխատանքներն էականորեն տարբերվում են Զարդարյանի՝ մինչ այժմ հասարակության լայն շրջանակներին հայտնի աշխատանքներից: Այս Զարդարյանին ճանաչում էին նրա մտերիմները»:
Panorama.am-ի հետ զրույցում արվեստաբանն ասաց, որ «Գաղթ» շարքը վերաբերում է 19-րդ դարի գաղթին, սակայն մեծ արվեստագետը, փիլիսոփան հասկանում էր, որ չարիքն առհասարակ ժամանակ չի ճանաչում, թողտվության դեպքում կարող է կրկնվել:
Ներկայացված աշխատանքներն արված են 20 տարվա ընթացքում՝ 1957-1970-ականներին: «Սկզբում բազմաֆիգուր կոմպոզիցիաներ են, հետո ժամանակի ընթացքում դառնում են աբստրակտ հորինվածքներ, միաֆիգուր սիմվոլիկ պատկերներ, որը հենց Մայր Հայաստանի սիմվոլիկ պատկերն է»,- ասաց արվեստագետը:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ոճական փոփոխությունը, Հ. Բադալյանը նշեց, որ նրա մոտ նկատելի էր այդ տենդենցը, բայց խորհրդային շրջանում ընդունելի չէր. «Նկարում էր այն, ինչն, ըստ Սովետական միության պաշոտնական կառավարության, ընդունելի էր, թեպետ այս գործերն էլ վիճելի են, թե ինչ բովանդակություն ունեն»:
Ցուցահանդեսի բացման ժամանակ ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանն ասաց. «Զարդարյանի անունը հայ կերպարվեստում գրված է արդեն ոսկե տառերով:
Խորհրդային շրջանում, երբ խոսում էին կերպարվեստի մասին, ասում էին՝ Սարյան և Զարդարյան: Ոչ թե սրանք ուղղակի խոսքեր էին, այլ հայկական կերպարվեստի զարգացման էտապ»:
Նրա խոսքով, Զարդարյանի ստեղծած ամեն մի գործ մնայուն մեծ արժեք են. «Սովետական երկրում այսպիսի արվեստ ստեղծելը, մեծ տաղանդի, մեծ վարպետության մասին է խոսում»:
Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն էլ նկարչին բնութագրեց՝ «ազնիվ, ուղղամիտ մարդ, ով շփվել է նա հետ, երբեք չի մոռանա»:
«20-րդ դարի երկրորդ կեսի ամենանշանավոր նկարիչներից է, շռնդալից մտավ մեր մշակույթի մեջ իր խոր նկարներով: Ինչպես ազնիվ էր կյանքում, այնքան ազնիվ էր նկարում, ինչքան խոր մարդ էր, այնքան խորն էին նրա նկարները:
Հիշում եմ, երբ տարվա կերպարվեստն ամփովում էին, կենտրոնական կոմիտեից մարդիկ էին գալիս, միշտ հուզմունքով Մարտիրոս Սարյանի մոտ էր լինում այդ ժամանակ, զգում էր, որ Սայրանին պետք է քննադատեն ֆորմալիզմի մեջ: Միշտ նրա կողքին էր»,- ասաց Վ. Բարխուդարյանը:
«Մի անգամ Զարդարյանն իր դստերը՝ Անահիտին ալբոմ նվիրեց ու մակագրեց այն «… թող Մեծ Արվեստի սուրբ կրակը միշտ վառ մնա քո սրտում»:
Այդ կրակը վառվում էր նկարչի սրտում և շարունակում է վառ մնալ նրա ստեղծագործություններում»,- գրել է «Հովհաննես Զարդարան. Գաղթ» կատալոգի տեքստի հեղինակ Անահիտ Զարդարյանը:
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի թղթակից անդամ, ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի իսկական անդամ պրոֆեսոր Հովհաննես Զարդարյանը ծնվել է 1918 թվականի հունվարի 8-ին Կարսում: Ցեղասպանության ժամանակ, Զարդարյանները տեղափոխվում են Արմավիր, հետո Կրասնոդար և միայն 1920 թվականին հիմնավորվում Թիֆլիսում։ Այստեղ է սկսում իր գեղարվեստական կրթությունը Հովհաննես Զարդարյանը։ 1933 թվականին տասնհինգ տարեկան Զարդարյանը, թողնելով ուսումը Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում, մեկնում է Երևան, ուր շարունակում է ուսումը գեղարվեստի ուսումնարանում հայ դասական նկարիչներՍեդրակ Առաքելյանի և Վահրամ Գայֆեջյանի մոտ։
1937 թվականին Զարդարյանն ընդունվում է Լենինգրադի Գեղարվեստի Ակադեմիա։ 1941 թվականին Երևան վերադառնալիս նա արդեն հայտնի էր որպես երիտասարդ տաղանդավոր նկարիչ։
Հետպատերազմյան առաջին տարիների ընթացքում Զարդարյանը ստեղծում է «Նախաշավիղ. Խաչատուր Աբովյան», «Սևանգէսի շինարարների հաղթանակը», «Կոմիտաս» կոմպոզիցիոն կտավները։ 1956-1958 թվականներից Զարդարյանը սկսում է մասնակցել միջազգային ցուցահանդեսներին՝ Պրահա, Հնդկաստան, Վենետիկյան բիենալեներ։Բրյուսելում կայացած Համաշխարհային ցուցահանդեսին նրա «Գարուն» կտավն արժանանում է Մեծ արծաթյա մեդալի։
Զարդարյանն ապրել և ստեղծագործել է մինչև 1992 թ.` ստեղծագործական կյանքին զուգահեռ կրթելով նկարիչների սերունդներ: Նրա աշխատանքները պահպանվում են աշխարհի տարբեր թանգարաններում, մասնավոր հավաքածուներում, Ազգային պատկերասրահի հավաքածուում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա