Արգենտինայի հյուպատոս. Հաճելի է գործունեություն ծավալել Հայաստանում
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը կայանալու է Արգենտինյան ֆիլմերի 4-րդ փառատոնը, որի ընթացքում ցուցադրվելու է արգենտինացի հեղինակավոր ռեժիսորների հինգ ֆիլմ: Առաջին անգամ ֆիլմերն ուղեկցվելու են հայերեն ենթագրերով: Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ-ում Արգենտինայի հյուպատոս, դեսպանության մշակութային բաժնի ղեկավար Ադրիանա Տրոտտան մանրամասներ ներկայացրեց փառատոնից, մշակութային այլ ծրագրերից, խոսեց հայ-արգենտինական մշակութային հարաբերությունների մասին:
-Տիկին Տրոտտա, փառատոնին ի՞նչ ֆիլմեր են ցուցադրվելու, ի՞նչ ժանրի են:
-Փառատոնի ընթացքում ցուցադրվելու է հինգ ֆիլմ: Երեք ֆիլմ լինելու է հայերեն ենթագրերով, նախորդ փառատոներին նման հնարավորություն չի եղել: Սա ավելի մեծ մասնակցություն կապահովի: Ֆիլմերի հեղինակները բավականին հայտնի ռեժիսորներ են: Փառատոնը բացվելու է «Փեսացու կնոջս համար» կատակերգությամբ, այնուհետև կներկայացվի «Անիսետո» երաժշտական մելոդրաման: Երրորդ օրը ցուցադրվելու է «Իմ առաջին հարսանիքը» կատակերգություն մելոդրաման: Գլխավոր հերոսուհին է հայ լսարանի համար բավականին հայտնի Նատալիա Օրերիոն: Հոկտեմբերի 1-ին ցուցադրվելու է «Ինը թագուհիներ» կինոն, հոկտեմբերի 2-ին՝ օսկարակիր ռեժիսոր Խուան Խոսե Կամպանելլայի «Մետեգոլ» անիմացիոն ֆիլմը: Մենք շահագրգռված ենք, որ արգենտինական մշակույթը տարածում գտնի Հայաստանում: Բացի կինոյի փառատոնից, առաջիկայում «Տանգետտո» խումբը ելույթ է ունենալու Երևանում: Ամեն ինչ արել ենք, որ խումբը եվրոպական շրջագայության շրջանակում Հայաստանում էլ ելույթ ունենա: Համերգը կայանալու է հոկտեմբերի 3-ին և 4-ին «Մեցցո» ակումբում: Էլեկտրոնային տանգո է ներկայացնելու, մոդեռն տանգոյի տեսակ է, բավականին հետաքրքիր է լինելու: Խմբի հինգ անդամից մեկը հայ է:
-Մինչև Հայաստան գալը՝ ինչքանո՞վ էիք ծանոթ հայկական մշակույթին:
-Բոլոր արգենտինացիներն էլ ինչ-որ չափով ծանոթ են հայկական մշակույթին, քանի որ մեր երկրում հայկական մեծ համայնք կա, հայկական եկեղեցիներ: Ամեն դեպքում ինչքան էլ ծանոթ եմ եղել, այստեղ էլ ավելի մոտիկից եմ սկսել ճանաչել հայկական մշակույթը: Շատ եմ հավանում Հայաստանը:
- Տիկին Տրոտտա, մեկ տարուց ավել է Հայաստանում եք, մշակութային ի՞նչ հուշարձաններ եք այցելել, ի՞նչ տպավորություն եք ստացել:
-Շատ տպավորված եմ Խոր Վիրապ այցելությունից: Այնտեղից հնարավորություն կա մոտիկից տեսել Արարատը: Անմոռանալի տպավորություն է գործել ինձ վրա: Արգենտինացի զբոսաշրջիկներին խորհուրդ կտամ գնալ նաև Տաթև, Նորավանք, Գառնի, Դիլիջան: Եզակի հրաշալի վայրեր են, որտեղ ցանկացածը կարող է վերապրել պատմությունը:
-Արգենտինացիներին ի՞նչը կարող է բերել Հայաստան:
-Մշակութային շատ մեծ ժառանգություն ունեք, բայց առաջին հերթին այստեղ կարելի է գնահատել մարդկանց ջերմությունը, առատաձեռնությունը: Առանձնահատուկ է և ձեր մշակույթը, և ձեր ժողովուրդը, առանձնահատուկ է ձեր երաժշտությունը, խոհանոցը:
-Տիկին Տրոտտա, շփվելով հայերի հետ՝ որևէ նմանություն գտե՞լ եք արգենտինացիների և հայերի միջև:
-Չնայած ամեն մի ժողովուրդ ունի իր առանձնահատկությունները, տարբերությունները, բայց միանման բաներ էլ ունեն: Որպես օրինակ՝ նշեմ հումորի զգացումը, բարեհամբույր վերաբերմունքն արտասահմանցիներ նկատմամբ, ջերմ ընդունելությունը: Աշխատանքի բերումով շատ երկրներում եմ եղել: Բոլոր տեղերում էլ ընդունելությունը լավ է, բայց Հայաստանում վերաբերմունքն առանձնահատուկ է:
-Որքանո՞վ եք ծանոթ Արգենտինայում հայկական համայնքի հետ:
-Բուենոս Այրեսում հնարավորություն չեմ ունեցել ծանոթանալու հայկական համայնքին, բայց շատ կցանկանայի վայելել նրանց ներկայությունը: Տեղյակ եմ, որ համայնքն ակտիվ է, հատկապես մշակութային ոլորտում: Գործում է հայկական երկու դպրոց, որոնք ֆոնդ են ստեղծել, ինչը հնարավորություն կտա արգենտինահայ դպրոցականներին գալ Հայաստան՝ ճանաչելու իրենց բնօրրանը:
Աշխատանքներ ենք տանում համատեղ կապ ստեղծել Հայաստանի և Արգենտինայի հայկական համայնքի միջև: Հոկտեմբերին մենք կազմակերպելու են վիդեո-կոնֆերանս, որին կմասնակցեն հայ ու արգենտինահայ աշակերտները:
-Ինչպե՞ս կգնահատեք պետական մակարդակում հայ-արգենտինական հարաբերությունները, մասնավորապես մշակույթի ոլորտում:
-Երկու երկրների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, ամենատարբեր ոլորտներին վերաբերող համաձայնագրեր կան ստորագրված: Հաճելի է գործունեություն ծավալել մի երկրում, որտեղ ոչ միայն երկու ժողովուրդների միջև է առկա բարեկամական կապ, այլ նաև կառավարությունների: Ամեն ինչ անելու ենք համագործակցությունն էլ ավելի խորացնելու, զարգացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան