Մեկնարկում է «Կանաչ այցեր» դեպի Հայաստանի տնկարաններ միջոցառումը
Հայաստան Ծառատունկ ծրագիրն («Էյ-Թի-Փի») այս աշնանը իրականացնելու է մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է բնապահպանական գործունեության մեջ հանրության առավելագույն ներգրավումը: Նախորդ գարնանը հաջողած հանրային ծառատունկերից և աղբահավաքներից հետո «Էյ-Թի-Փի»-ն դարձյալ հրավիրում է մեր Հայրենիքի կանաչ ապագայով մտահոգ անհատներին միանալ առաջիկա տարատեսակ միջոցառումների։ Այս մասին հայտնում են ծրագրի գրասենյակից:
Կազմակերպությունը մեկնարկում է «Կանաչ այցեր» դեպի Հայաստանի գեղեցիկ տնկարաններ: Սեպտեբերի 26-ին կազմակերպվելու է կարճ այց դեպի Աշտարակի հարևանությամբ գտնվող Կարինի տնկարան: Տնկարանի ղեկավար Սամվել Ղանդիլյանի և գլխավոր բուսաբան Տիգրան Փալազյանի ուղեկցությամբ հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանում մշակվող և ծառատունկերի համար պատրաստվող բազմաթիվ էկզոտիկ բուսատեսակների, թուփ ու ծառի:
Նույն օրը տեղի կունենա «Էյ-Թի-Փի»-ի աշնանային երկրորդ միջոցառումը` Աղբահավաքը, Ապարանի Միրաք գյուղի հարևանությամբ գտնվող չքնաղ մի վայրում:
«Էյ-Թի-Փի»-ի նպատակն է աջակցել ժողովրդին` ծառի միջոցով նրանց կենսամակարդակը բարելավելով և մշրջակա միջավայրը բարելավելով:
«Էյ-Թի-Փի»-ի վերջին ամենախոշոր նախաձեռնությունը «Կենաց Դար»-ն է, որի շրջանակներում նախատեսվում է 3-ից 5 տարվա ընթացքում Հայաստանի հյուսիսում տնկել 10 լրացուցիչ անտառ, որոնք կխորհրդանշեն Պատմական Հայաստանի՝ Եղեռնից հալածված համայնքները: