Թշնամու կրակոցներն արդեն մի քանի ժամ է` դադարել են
Տավուշի մարզի Բերդավան ու Պառավաքար գյուղերում թշնամու կրակոցներն արդեն մի քանի ժամ է՝ դադարել են: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին համայնքապետերը:
Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը հայտնեց, որ բացի մարդկային զոհերից, հակառակորդի կրակոցներից նաև տներ են վնասվել:
«Հիմա շրջում ենք գյուղում, հաշվում պատճառած վնասները»,-ասաց Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղում հակառակորդի կրակոցներից երկու կին է զոհվել: Տավուշի մարզի Պառավաքար գյուղում էլ հակառակորդի կրակոցներից մահացել է 1932 թ-ին ծնված Պայծառ Աղաջանյանը:
Ուշ երեկոյան ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության հետ սահմաներձ ադրբեջանական ազգաբնակչությանը կոչ ենք անում այսուհետ խուսափել սեփական զինված ուժերի համար վահան հանդիսանալուց: Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Նախորդող հրապարակում`
Ոչնչացվել է Պառավաքարի դիմաց գտնվող ադրբեջանական հենակետը