Հայկ Դեմոյան. Կարող ենք լիակատար հաղթանակ արձանագրել ակադեմիական դաշտում
«Այսօրվա դրությամբ կարող ենք արձանագրել շատ լուրջ առաջընթաց` լինի Հայոց ցեղասպանոթյան միջազգային ճանաչման, այսինքն` քաղաքական մակարդակում, լինի մշակութային միջոցառումների ձևով, որոնք էականորեն, լրջորեն նպաստել են և շարունակելու են նպաստել Հայոց ցեղասպանության մասին իրազեկման բարձրացմանը, հատկապես տեղի հանրությունների շրջանում»,- «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը:
Նշենք, որ այժմ ընթանում է «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի վերաբերյալ քննարկումը և կայացած միջոցառումների արդյունքների ամփոփումը:
Հ. Դեմոյանի խոսքով, դեռևս վաղ է ամփոփել միջոցառումների արդյունքը, քանի որ դրանք շարունակվելու են, բայց արդեն կարող ենք լիակատար հաղթանակ արձանագրել ակադեմիական դաշտում:
«Ճիշտ է՝ թուրքական կողմը կշարունակի հովանավորել տարբեր գրքեր, նոր գրչակներ վարձել տարաբնույթ ժխտողական աշխատանքներ հրապարակվելու համար, բայց ակադեմիական դաշտում մեկընդմիշտ կարող ենք արձանագրել, որ թուրքական կողմն անելիք չունի որևէ նոր հեղաշրջող կամ կարծիքներ փոխող տեսակետներ ամրագրելու համար: Դրա վկայություններից էր նաև Ցեղասպանագետների միջազգային ընկերկացության համաժողովը հենց Երևանում անցկացնելը, որ շատ կարևոր էր»,- նշեց Հ. Դեմոյանը՝ հավելելով, որ ամփոփելով մինչև այժմ կայացած միջոցառումները, կարող են արձանագրել բավականին դրական արդյունք:
Պատասխանելով հարցին, թե Հայաստանում, աշխարհի տարբեր երկրներում կազմակերպված միջոցառումները ի՞նչ փոխեցին Թուրքիայում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ասաց. «Այդպիսի հարցադրում չենք դրել, որ մեր նպատակն է թուրքերին խառնելը, նսեմացնելը: Մեզ համար կարևոր էր, թե որքանով ներազդեցինք թուրք հանրության վրա, որպեսզի այնտեղ գոնե սկսեն խորհել, թե ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ են աշխարհով մեկ տեղի ունենում նոր շղթայական գործողություններ միջազգային ճանաչման առումով, ինչո՞ւ է Փարիզում, աշխարհի քառասունից ավելի քաղաքներում պետական մակարդակով ցուցադրություններ կազմակերպվում, ինչո՞ւ են պետական այրերն այցելում Ծիծեռնակաբերդ: Ինչուների համալիրը պետք է բերի կարևոր նպատակի՝ որպեսզի մենք կարողանանք հասնել նրան, որ թուրք ապագա սերունդների շրջանում մոտեցման փոփոխություն լինի, հասկանան, որ ամբողջ աշխարհը խոսում է մի բան մասին, իրենց սահմաններից ներս պարտադրվում է մեկ այլ բան»:
Նա նշեց, որ ամենահամեստ ու ոգևորիչ արդյունքն այն է, որ ամեն օր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ են այցելում թուրքեր. «Վերջին մեկ ամսում ավելի շատ ազգությամբ թուրք այցելու է եկել, քան թանգարանի գոյության ընթացքում վերջին տասնհինգ տարիներին: Ամենամեծ և տպավորիչ բանը մեզ համար իրենց լռություն է: Եթե նախկինում գալիս էին, կար որոշակի թերհավատություն, հարցադրումներ, որ կասկածի տակ էր դնում, այսօր հարցերի առիթ չեն ունենում»:
Նախորդող հրապարակում`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին