Վարչապետը հանձնարարել է խաղողի մթերման ժամանակացույցի ցանկ կազմել
Ընթացիկ տարում հանրապետությունում առկա է խաղողի մեծ բերք և կառավարությունն անելու է հնարավորը, որպեսզի գյուղացիների բերքը մթերվի: Այս մասին նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արարատի մարզում խաղողագործների հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին՝ համայնքների ղեկավարների հետ կազմել ցանկ, թե որ համայնքում որքան բերք է առկա, որի համաձայն էլ ըստ ժամանակացույցի մթերումները կկազմակերպվեն:
Կառավարության ղեկավարն անձամբ այցելել է նաև Արարատի մարզի մթերող կազմակերպություններ՝ ծանոթացել մթերման գործընթացին, Արարատի մարզպետարանում հանդիպել մթերող ընկերությունների ղեկավարներին և համայնքապետներին:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի մի քանի գյուղերի՝ Ոսկետափ, Նոյակերտ, Եղեգնավան, Տափերական, Լուսառատ, Փոքր Վեդի ու հարակից այլ գյուղերի բնակիչները խաղողով բեռնված մեքենաներով փակել էին միջպետական նշանակության ճանապարհը: Գյուղացիների խաղողը մթերողները չէին ընդունում, պատճառաբանելով, որ բերքը վատորակ է:
Նախորդող հրապարակում՝
Գյուղացիները վարչապետի հետ հանդիպումից հետո բացել են միջպետական նշանակության ճանապարհը
Խաղողը տվել են գյուղացիների ձեռքն ու տուն ուղարկել (լուսանկարներ)