Եթե խաղողի մթերման հետ կապված խնդիրներ լինեն, կառավարությունը կաջակցի. վարչապետ
Խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են, սեպտեմբերի 7-ից հանրապետության 49 մթերող ընկերություններից 32-ն արդեն սկսել է խաղողի մթերման գործընթացը: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ վարչապետի հանձնարարականով ներկայացնելով խաղողի մթերման գործընթացը;
Ըստ նախարարի՝ միայն Վայոց ձորի մարզում մթերումը չի սկսվել, քանի որ խաղողի շաքարայնությունն այնտեղ դեռևս ցածր է:
«Վայոց ձորում աշխատանքները կսկվեն հոտկտեմբերի 1-ից հետո»,- ասաց նա:
Ս.Կարապետյանը նաև նշեց, որ երեկ եղել է Տավուշի մարզում՝ հետևելու, թե ինչպես է ընթանում մթերման գործընթացը: Ըստ նրա՝ մարզում մթերման աշխատանքները ընթանում են նորմալ, 5 մթերող կազմակերպություններից 3-ն արդեն իսկ սկսել են խաղող մթերել, իսկ 2 ընկերությունն այդ աշխատանքները կսկսեն առաջիկա երկու կամ երեք օրերի ընթացքում:
Ս.Կարապետյանը նշեց, որ խաղողի մթերման հետ կապված կան որոշակի դժվարություններ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է գինու արտադրությամբ զբաղվող ընկերություններին, որոնք ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում խաղող մթերել:
«Գինեգործական կազմակերությունները հիմնականում չեն կարողացել ֆինանսական հոսքեր ապահովել, որոնք նախատեսված էին տարեսկզբից: Դա կապված է արտահանումների ծավալների կրճատման հետ: Սակայն բոլորն այն մոտեցումն ունեն, որ խաղողը պետք է ամբողջությամբ մթերվի և դաշտում խաղող չմնա»,- ընդգծեց նախարարը:
Նա նաև հայտնեց, որ այսօրվա դրությամբ մթերվել է 80 հազար տոննա խաղող, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 20 հազար տոննայով պակաս է: Սակայն Ս.Կարապետյանը հույս հատնեց, որ դժվարություններով հանդերձ կկարողանան նորմալ մթերում իրականացնել:
Նշվեց նաև, որ այս տարի խաղողի ծավալները նախորդ տարվա համեմատ շուրջ 30%-ով ավելի են: Նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 281 հազար տոննա խաղող, այս տարի սպասվում է մոտ 300 հազար տոննա:
«Նախորդ տարի մթերվել է 181 հազար տոննա խաղող: Այս տարի նախատեսվում է ավելի մթերել: Խաղողի առաջարկը ավելին է քան պահանջարկը, սակայն այդ խոչընդտները կառավարության օգնությամբ կհաղթահարենք»,- ասաց Ս.Կարապետյանը:
Իր հերթին, վարչապետը հանձնարարեց իրականացնել ամենօրյա հետևողական աշխատանք, իսկ եթե խնդիր լինեն, ապա կառավարությունը կաջակցի:
Ս.Կարապետյանն ասաց, որ գործարաններում ամենօրյա հսկողություն է իրականացվում, դա գտնվում է նաև իր ամենօրյա հսկողության տակ:
Վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանն էլ նիստում ասաց, որ իրենք նույնպես հետևում են խաղողի մթերման գործընթացին: Ըստ նրա՝ գյուղատնտեսության նախարարի տեղակալների և մարզպետների հետո ամենօրյա կապ մեջ են և ընդունման կետերում վերահսկողություն են իրականացնում, որպեսզի խոչընդոտներ չլինեն:
«Իհարկե, բարդություններ կան, որոնք Ձեզ կզեկուցենք, սակայն խաղողի մթերման ընթացքն ամբողջությամբ վերահսկվում է»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան