Սերժ Սարգսյանը կարևորել է ԱՄՀ կողմից «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» հերթական վերանայման ամփոփումը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի մամուլի գրասենյակից:
Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ նրա հերթական առաքելությունն արդյունավետ կլինի, մասնավորապես, Հայաստանի տնտեսության վրա արտաքին հատվածից շարունակվող բացասական հետևանքների գնահատման և դրանց հաղթահարման, տնտեսական աճի խթանման ուղղությամբ լուծումներ գտնելու առումով: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրերն ու համագործակցությունը և շնորհակալություն հայտնել հիմնադրամի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:
Սերժ Սարգսյանը կարևորել է ԱՄՀ կողմից «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» հերթական վերանայման ամփոփումը և ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից արդյունքների հաստատումը: