Ջ. Էվանս. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն անխուսափելի է
Հավատում եմ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն անխուսափելի է: Այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված առցանց մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
Պատասխանելով հարցին, թե երբ պետք է Հայոց ցեղասպանության ճանաչումը դառնա կարևոր թեմա ԱՄՆ քաղաքական օրակարգում ելնելով այն հանգամանքից, որ նախընտրական փուլերի ժամանակ ԱՄՆ նախագահները խոսում են ճանաչումից, բայց ընտրվելուց հետո քայլեր չեն անում այդ ուղղությամբ` դիվանագետը նշել է, որ չնայած Օբաման 2015 թվականի ապրիլի 24-ին չի արտաբերել Ցեղասպանությունը բառը, բայց հսկայական տարբերություն կա 2009 թվականին նրա կողմից արված հայտարարության և այն հայտարարությունների միջև, որոնք արվել են ԱՄՆ նախկին նախագահների կողմից:
Ջոն Էվանսի համոզմամբ` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իրական կարևորություն ունի ոչ թե այն, ինչ ասում է ԱՄՆ նախագահը, այլ այն, թե այդ հարցի հետ կապված ինչ դիրքորոշում ունի Անկարան:
Այդուհանդերձ, նախկին դեսպանը համոզվածություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը անխուսափելի է, այլ հարց է, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի հավանականությանը` Թուրքիայի ներկայիս վարչակազմի պայմաններում` Ջոն Էվանսը նշել է, որ այս պահին հայ-թուրքական հարաբերությունների զարգացման քիչ հեռանկարներ է տեսնում և որ հայ-թուրքական արձանագրությունները չծառայեցին այն նպատակին, ինչի համար կազմվել էին: Ըստ նախկին դեսպանի, պատճառներից մեկն կարող էր լինել այն, որ արձանագրությունների հեղինակները միանգամից չափից ավելի շատ բանի էին ուզում հասնել:
«Բոլոր խնդիրները միանգամից լուծելու փոխարեն ես մի պարզ քայլ կառաջարկեմ` մուտք գործել ամբողջական դիվանագիտական հարաբերությունների ոլորտ: Սա կապահովի վստահելի հաղորդակցություն և չի բերի երկու կողմերից ոչ մեկի իրավական դիրքորոշման փոփոխության: Այս տարբերակը ես առաջարկել եմ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներին»,- նշել է նախկին դեսպանը:
Անդրադառնալով նաև հարցին, թե արդյոք Հարավային Կովկասում մասնավորապես Հայաստանի նկատմամբ ԱՄՆ վարում է պրագմատիկ քաղաքականություն, և արդյոք կարիք կա այդ ուղղությամբ փոփոխությունների, Ջ. Էվանսը նշել է, որ ինքը ամբողջությամբ վստահում է ԱՄՆ քաղաքականությանը և ՀՀ-ում նոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան