Գագիկ Հարությունյան. Մշակվել է Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման իրավական հիմնահարցերի փաթեթը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ նախագահին է ներկայացրել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման իրավական հիմնահարցերի, հիմնադրույթների փաթեթը: Այս մասին լրագրողներին ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը դիմել էր իրավաբանների համահայական խորհրդաժողովին, որպեսզի օգնի, աջակցի մշակելու Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման իրավական թղթածրարը: Պետական հանձնաժողովի հինգերորդ նիստի ժամանակ ես ներկայացրեցի, որ նման թղթածրարի ստեղծումը պահանջում է մնայուն, տևական աշխատանք, քանի որ հիմնախնդիրները բազմազան են, ունեն համազգային, միջազգային հնչեղություն, բազմաշերտ են, նաև մասնագիտական մակարդակում բավականին շատ տարակարծություններ գոյություն ունեն: Որպեսզի մենք կարողանանք համակարգված աշխատանք անել, հունիսին ստեղծեցինք իրավաբանների համահայական խորհրդաժողովի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոն, կենտրոնի պատասախանատու նշանակեցինք Վլադիմիր Վարդանյանին: Կենտրոնում միջազգային իրավագետներ են ընդգրկված: Նրանք կարողացան մշակել իրավական հիմնահարցերի, հիմնադրույթների փաթեթը, որն այսօր ես պաշտոնապես հանձնեցի Հայաստանի նախագահին: Այն ենթակա չէ հրապարակման, որովհետև բազմաթիվ հարցադրումներ են կատարվում, որոնց վերաբերյալ գաղտնապահությունը դեռևս անհրաժեշտություն է: Նոյեմբերի 20-21-ին կազմակերպելու ենք քննարկում, որից հետո մանրամասներ կներկայացնենք հանրությանը»,- ասաց Գ. Հարությունյանը:
ՍԴ նախագահի կարծիքով, այս ուղղությամբ չնախապատրաստված քայլերը բավականին բացասական հետևանքներով են հղի, քանի որ ցանկացած պարագայում, եթե ստեղծվի բացասական նախադեպ, կարող է ազդել ընդհանուր մոտեցումների վրա. «Յուրաքանչյուր կոնկրետ քայլ պետք է համակողմանի նախապատրաստված, փոխհամաձայնեցված լինի, հետևանքները գնահատված լինեն»:
Գ. Հարությունյանի խոսքով, մի շարք կազմակերպությունների՝ ՀՅԴ, Ռուսաստանի հայերի միություն, Զորյան հաստատություն, որոնք լուրջ աշխատանք են տարել այդ ուղղությամբ, միասին քննարկումների արդյունքում կներկայացնեն այն հայեցակարգը, որի հիման վրա հետագա աշխատանքները կտարվեն:
«Շարունակական, տևական, երկարամյա աշխատանք է, որը մի շարք հարթություններով է տարվելու, ինչպես նաև հաշվի են առնվելու տեղական որոշակի առանձահատկություններ»,- ասաց Գագիկ Հարությունյանը: