Նալբանդյանը Նորվեգիայի ու Բուլղարիայի գործընկերների հետ քննարկել է ԼՂ խնդրի կարգավորումը
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի ելույթին։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է «Ետ-2015 ՄԱԿ-ի զարգացման օրակարգի» գագաթաժողովի բացմանը, որին ելույթներով հանդես են եկելն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի մունը, Գերմանիայի կանցլերը, Իսպանիայի թագավորը, Եգիպտոսի, Վիետնամի նախագահները, բազմաթիվ այլ պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Գագաթաժողովին ընդունվել է «Զարգացման նոր օրակարգ 2030» փաստաթուղթը, որն ուրվագծում է առաջիկա 15 տարիների համար աշխարհի զարգացման ուղենիշները։
Նույն աղբյուրի համաձայն, Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Բորգե Բրենդեի հետ, նրանք շ հանգամանալից քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Հայաստանի արտգործնախարարի հաջորդ հանդիպումը Բուլղարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դանիել Միտովի հետ էր։
Նորվեգիայի և Բուլղարիայի ԱԳ նախարարների խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։
Երկխոսությունը շարունակելու նպատակով Դանիել Միտովը Էդվարդ Նալբանդյանին հրավիրել է պաշտոնական այցելություն կատարել Բուլղարիա։
Նախորդող հրապարակում՝
Կայացել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը