ԼՂՀ ՊԲ. Ցանկացած հետևանքի պատասխանատվություն կրելու է Ադրբեջանը
«Դատելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկվող ականանետային եւ հրթիռահրետանային հարվածների ու խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից իրականացվող գնդակոծումների անհամեմատ ինտենսիվ ընթացքից` կարելի է փաստել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որդեգրել է հակամարտության լուծումը խաղաղ բանակցությունների սեղանից ուժային դաշտ տեղափոխելու հանցավոր մարտավարություն»,-ասվում է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:
«Խաղաղ բնակավայրերի վրա իրականացվող արկակոծումներն ու հայկական դիրքապահների ուղղությամբ կատարվող նախահարձակ գործողությունները, որոնք գնալով կրում են առավել ցինիկ ու նպատակաուղղված բնույթ, ցույց են տալիս, որ հակառակորդը հակված է միտումնավոր ու սադրիչ քայլերով իրավիճակին հաղորդել անկանխատեսելի հետեւանքներով հղի զարգացումներ:
Ելնելով ստեղծված դրությունից` ԼՂՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ եւս համաշխարհային հանրության ու հատկապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում պաշտոնական Բաքվի կողմից որդեգրած եւ շարունակ կյանքի կոչվող ապակառուցողական ու սադրիչ քաղաքականության վրա եւ տեղեկացնում, որ ստեղծված իրավիճակից բխող ցանկացած հետեւանքի պատասխանատվություն կրելու է ոչ այլ ոք, քան ադրբեջանական կողմը»,- նշված է ՊԲ հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին