Սերժ Սարգսյան. Շարքայինից մինչև հրաման տվող հայտնաբերվելու և հետապնդվելու են
Քանի դեռ աշխարհը մարդկության դեմ հանցագործությունները պատժելու մեխանիզմներ չի գտել, Հայաստանը պատրաստակամություն է հայտնում դառնալ այդ հանցագործությունները կատարողների պատժիչ սուրը: Այսօր ունեցած ելույթում անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին երկու օրերին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին՝ նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Խոսելով տեղի ունեցածի մասին՝ հանրապետության ղեկավարը նշել է. «Հակամարտության խաղաղ կարգավորման ուղուց շեղվելով` Ադրբեջանն օր օրի շեղվում է նաև միջազգային իրավունքի այլ սկզբունքների ճանապարհից։ Օր օրի Ադրբեջանի հանցագործ ռեժիմն ավելի ու ավելի է խրվում մարդկության դեմ հանցագործությունների ճահիճը»։
Մինչ այդ երկրի ղեկավարն Ադրբեջանի վարքագիծը պայմանավորել է անպատժելիության զգացումով, որն էլ իր հերթին հետևանք է միջազգային հանրության մոտեցումների: Այս առումով Հայաստանի նախագահը զգուշացրել է, որ այլընտրանքի բացակայության դեպքում Հայաստանն ինքը հանդես կգա պատժողի դերում:
«Քաղաքակիրթ աշխարհի օրենքը կոչ է անում մարդկությանը վերջ դնել մարդկության հանդեպ հանցագործությունների անպատժելիությանը։ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է այս խնդրում։ Մենք հետևողականորեն բացահայտելու, հայտնաբերելու և հետապնդելու ենք նման հանցագործությունների յուրաքանչյուր մեղավորի՝ հրաման կատարող շարքայինից, մինչև նման հրաման արձակող հրամանատարություն։ Եթե այլընտրանք չլինի, ուրեմն հենց մենք ենք լինելու մարդկության պատժիչ սուրը այս հանցագործությունները կատարողների նկատմամբ։ Մենք ենք լինելու, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը ավելի գործուն մեխանիզմ չի կարողանում գտնել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան