Սերժ Սարգսյան. Երբ ասում եմ Հայաստան, Ղարաբաղը նրա անբաժան մասն է
Հայաստանի ձեռնարկելիք պատժիչ գործողությունները միտված են նոր առճակատումից խուսափելուն: Այսօր ունեցած ելույթում այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և ընդգծել, որ ինքը, Հայաստան ասելով, Լեռնային Ղարաբաղը համարում է նրա անբաժան մասը:
Մինչ այդ նախագահն իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախման դեպքերին, դրանք պայմանավորել պաշտոնական Բաքվի մոտ անպատժելիության զգացումով, իսկ վերջինն էլ՝ միջազգային հանրության մոտեցումներով: Սերժ Սարգսյանը նշել է, որ այլընտրանքի բացակայության դեպքում Հայաստանն ինքը կստանձնի պատժիչ սրի դերը:
«Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են: Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում: Եվ պարտադրված հրադադարի ավելի քան 20 տարվա ընթացքում, որը, Բաքվի իշխանավորների կամոք, այդպես էլ հնարավոր չեղավ վերածել խաղաղության, մենք ամեն ինչ արել ենք ՝ խուսափելու համար նոր առճակատումից: Այժմ էլ անելու ենք ու դրա մեջ պատժիչ գործողություններն էլ են մտնում, որպեսզի հակառակորդը չմտածի, թե մարսեց իր լկտի պահվածքը»,- զգուշացրել է երկրի ղեկավարը:
Վերջում նախագահը ամփոփել է. «Մենք կստիպենք, վստահաբար կստիպենք Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար: Առայժմ այսքանը»:
Նախագահի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում
Նախորդիվ՝
ՀՀ նախագահը Ադրբեջանի վարքագիծը պայմանավորել է միջազգային դերակատարների մոտեցմամբ
Սերժ Սարգսյան. Շարքայինից մինչև հրաման տվող հայտնաբերվելու և հետապնդվելու են
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան