3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ Սմբատ Հակոբյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար։
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք 2015թ. սեպտեմբերի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցի 2/2 հասցեում գտնվող շինհրապարակի մոտ բռնություն են գործադրել Ս.Հակոբյանի նկատմամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևանի բնակիչներ Հ. Պետրոսյանին, Ա. Սարգսյանին և Ա. Գրիգորյանին սեպտեմբերի 26-ին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կազմում, դիտավորությամբ Ս.Հակոբյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է, քննություն է տարվում՝ կիրառված բռնությանը մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան