Երևանում անցկացվեց Գյուղական կյանքի և ավանդույթների երկրորդ փառատոնը (լուսանկարներ)
«Գյուղատնտեսական տարին մոտենում է ավարտին, և մեր հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսությունները և ֆերմերային խմբերն այսօր հնարավորություն ունեն այստեղ ներկայացնել իրենց աշխատանքի պտուղները»,-նշել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն ՝այսօր Երևանում մեկնարկած Գյուղական կյանքի և ավանդույթների երկրորդ փառատոնի ժամանակ:
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են ավելի քան 70 ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ Հայաստանի բոլոր մարզերից և Վրաստանից, Արցախից, ովքեր ներկայացնում են իրենց արտադրած գյուղմթերքը` ողջ բազմազանությամբ:
Փառատոնին ներկայացված են եղել տարբեր մարզերի բերքն ու բարիքը, պանրի տեսականի, գինիներ, հյութեր, ձիթապտուղ, չրեր, բուսական թեյեր, մթերքներ գոմեշի կաթից, էկոլոգիապես մաքուր օճառներ, շինշիլաներ և այլն, ինչպես նաև կազմակերպվել էր ձեռագործ աշխատանքների ցուցադրություն-վաճառք:
Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգ ու պարով և թատերական ներկայացումներով: