Է. Նալբանդյանը ՀԱՊԿ արտգործնախարարներին տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի սադրանքների մասին
Հայաստանի ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին մասնակցել է Հավաքական անվտանգության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի 2015թ. սեպտեմբերն կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր։ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի անդամներն անդրադարձան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 70-րդ նստաշրջանի օրակարգային հարցերին։
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ, անդրադարձան Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող գործընթացներին։
Էդվարդ Նալբանդյանը իր գործընկերներին տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի սադրանքների, հրադադարի կոպիտ խախտումների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և այդ կապակցությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ։
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի անունից ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին հանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատվոգիրը՝ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում ակտիվ դերակատարության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան