ԵԽԽՎ նախագահը քննադատում է Ադրբեջանին
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը խստագույնս քննադատեց Ադրբեջանին՝ կրկնելով, որ այս երկրում մարդու իրավունքների վիճակը վատթարացել է։
Այսօր ԵԽԽՎ-ում տեղի է ունենալու Վացլավ Հավելի մրցանակի հանձնման արարողությունը, որն արդեն կլինի 3-րդը։ Անն Բրասյորը հիշեցրեց նախորդ երկու մրցանակակիրներին։ Վացլավ Հավելի առաջին մրցանակին արժանացավ Բելառուսում այդ ժամանակ ազատազրկված ակտիվիստ Ալես Բիալիացկին, ով արդեն ազատության մեջ է։ Երկրորդ մրցանակը նախորդ տարի տրվեց ադրբեջանցի իրավապաշտպան, ներկայումս բանտարկված Անար Մամադլիին։
«Մարդու իրավունքների վիճակն այս երկրում վատթարանում է։ Մենք վերջերս քննադատեցինք Լեյլա Յունուսի, Արիֆ Յունուսի և Խադիջա Իսմայիլովայի դատապարտումը։ Առկա է նաև Իլգար Մամադովի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռը, որ նա պետք է ազատ արձակվի, սակայն դատարանի վճիռը չի կատարվում։ Մենք իսկապես պետք է ստիպենք Ադրբեջանի իշխանություններին՝ փոխել մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ մոտեցումը»,-ասաց Անն Բրասյորը։
Նշենք, որ այսօր մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանը կշարունակվի մինչև հոկտեմբերի 2-ը։
Նախորդող հրապարակում`
ԵԽԽՎ-ի Վացլավ Հավելի մրցանակին արժանացավ ադրբեջանցի քաղբանտարկյալ Անար Մամադլին