ԵԽԽՎ նախագահ. Առանց ԺՀՄԻԳ-ի՝ մենք չենք ունենա Ադրբեջանում ընտրությունների ամբողջական պատկերը
Այսօր առավոտյան՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստում որոշում է կայացվել դիտորդական առաքելություն ուղարկել նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը։
«Մենք որոշեցինք շարունակել դիտորդական առաքելություն կատարել Ադրբեջանում՝ իմանալով, որ մարդու իրավուքների վիճակն այս երկրում վատ վիճակում է, ինչպես նաև իմանալով այն, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չի կարող մասնակցել դիտորդական գործընթացին, քանի որ Ադրբեջանը ԺՀՄԻԳ-ին թույլ չի տվել ունենալ նախատեսած թվով դիտորդներ»,-ասաց ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը։
Բյուրոյի նիստում խորհրդարանականների մի մասը դեմ է եղել Ադրբեջան դիտորդական առաքելություն ուղարկելու վերաբերյալ դիրքորոշմանը։ Սակայն, ինչպես ասաց Անն Բրասյորը, ԵԽԽՎ առաքելությունը կօգնի, որպեսզի Ադրբեջանի իշխանություններին ուղերձ հղվի, որ Ադրբեջանը պետք է կատարի ՄԻԵԴ որոշումները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած պարտավորությունները։
Անն Բրասյորը, սակայն, ավելացրեց, որ իրենց առաքելության համար դժվար կլինի և անգամ անհնարին՝ հաստատելու, թե արդյոք Ադրբեջանում ընտրությունները համապատասխանում են կազմակերպության առաջ ստանձնած պարտավորություններին։
«Մենք չենք ունենա Ադրբեջանի ընտրությունների ամբողջական պատկերը՝ առանց ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության։ Հույս ունեմ, որ մեր դիտորդներն այս հանգամանքը հաշվի կառնեն՝ իրենց որոշումները կայացնելու ժամանակ»,-ասաց Անն Բրասյորը։
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը հրաժարվել է դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանում 2015թ-ի նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություներին, քանի որ գտնում է, որ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար հիմքեր չկան։ Այս մասին ասվում է նաև սեպտեմբերի 10-ին Եվրոպական խորհրդարանի՝ Ադրբեջանի վերաբերյալ ընդունած բանաձևում։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Մայքլ Գեորգ Լինքն էլ հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից դիտորդական առաքելության սահմանափակումների հետ կապված ԺՀՄԻԳ-ը չունի այլ ընտրություն, քան չեղյալ համարել իր դիտորդական առաքելությունը` Ադրբեջանում նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին