Նկատելի նվազել են մինչև 5 տարեկան երեխաների և մայրական մահացության ցուցանիշները. Մուրադյան
Անցած 20 տարվա Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում Հայաստանին հաջողվել է շատ խնդիրներ լուծել, նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ հանդիպման ընթացքում:
Նախարարի խոսքերով իմունականխարգելմանը, երեխաների առողջ զարգացմանը, վերարտադրողական առողջության պահպանմանն ուղղված և մի շարք այլ, այդ թվում` հանրային առողջապահական ծրագրերի շնորհիվ նկատելի նվազել են մինչև 5 տարեկան երեխաների և մայրական մահացության ցուցանիշները, բարելավվել է երեխաների առողջությունը։ Այս մասին տեղեկացնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
«Վերջին հինգ տարում իրականացված համատեղ ծրագրերի շնորհիվ արձանագրված հաջողություններն առավել ակնառու են»,-շեշտել է նախարարը` հույս հայտնելով, որ կհաջողվի այսուհետ խորացնել այդ ձեռքբերումները։
Տանյա Ռադոչայը պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատանքը արդեն իսկ հաջողություններ արձանագրած թիմի հետ։
«Հատկապես տպավորիչ է, որ մայրական և մանկական մահացության ցուցանիշների բարելավումով մոտենում եք հազարամյակի նպատակներին»,-ասաց Տանյա Ռադոչայը` նշելով, որ վերջերս հաստատված Կայուն զարգացման նպատակները հստակեցնում են անելիքները մինչև 2030 թվականը։
Տանյա Ռադոչայն առաջարկել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել ավելի համակարգված և արդյունավետ համագործակցելու նպատակով։ Նա նաև պատրաստակամություն հայտնեց շարունակել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը։