ԵԽ գլխավոր քարտուղար. ՀՀ-ն ու Ադրբեջանը պարտավորվել են խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում խորհրդարանականների առաջ հանդես եկավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ով պատասխանեց նաև խորհրդարանականների հարցերին։ Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան վեհաժողովում բարձրաձայնեց վերջին օրերին Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող մահացու միջադեպերի մասին։
ԵԽ գլխավոր քարտուղարին ուղղված հարցում ֆրանսիացի պատգամավորը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ 21 տարի առաջ հաստատված հրադադարից հետո դեռ շարունակվում են մահացու միջադեպերը սահմանին՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից, ապա հարց հնչեցրչեց՝ ինչպիսի նախաձեռնություններ է ձեռնարկում գլխավոր քարտուղարը, վերջ դնելու այս սպառնալիքին, բացի Մինսկի խմբի ձևաչափից, ի՞նչ կարող է ԵԽ-ն անել։
Հարցին ի պատասխան Թ․Յագլանդն ասաց, որ, իհարկե, տեղյակ է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված լարվածությանը, որն առավել է սրվել։
ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ ստացել է տեկատվություն, որ կիրառվել են ծանր զենքեր երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, ինչը շատ անհանգստացնող է։
«Դուք անդրադարձաք Մինսկի խմբին, դա միակ բանն է ինչ ես ևս կարող եմ անել։ Խնդրով զբաղվում է Մինսկի խումբը, սակայն երբ երկու երկրները միանում էին Եվրոպայի խորհրդին, նրանք պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Այս մասին ասվում է նաև Եվրոպայի խորհրդի կանոնադրության մեջ․ անդամ երկրները պարտավոր են հակամարտությունները կարգավորել խաղաղ ճանապարհով։ Ծանր զենքի կիրառումը, սակայն, հակամարտության լուծման խաղաղ ճանապարհը չէ»,-ասաց Թորբյորն Յագլանդը։
ԵԽԽՎ-ի այսօրվա նստաշրջանի մասին այլ նյութեր՝
ԵԽԽՎ նախագահ. Տարածքային ամբողջականությունը Եվրոպայի խորհրդի համար շատ կարևոր է
ԵԽԽՎ նախագահ. Առանց ԺՀՄԻԳ-ի՝ մենք չենք ունենա Ադրբեջանում ընտրությունների ամբողջական պատկերը
ԵԽԽՎ նախագահը քննադատում է Ադրբեջանին
ԵԽԽՎ նախագահ. Մենք պետք է ճնշում գործադրենք կողմերի վրա՝ ԼՂ հարցում լուծման հասնելու համար
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը մեկնարկում է