Իսպանիայից անկախանալու կողմնակիցները հաղթել են Կատալոնիայի ընտրություններում
Կատալոնիայում կայացած տեղական ընտրություններում հաղթանակ է տարել անջատողական կուսակցությունների դաշինքը` մարզի առաջնորդ Արթուր Մասայի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է գերմանական «Deutsche Welle»-ն:
Սեպտեմբերի 27-ի երեկոյան, ձայների 99 տոկոսի հաշվարկից հետո արդեն պարզ է դարձել, որ Կատալոնիայի անկախության կողմնակիցները ստացել են կատալոնական ռեգիոնալ խորհրդարանի 135 տեղից 62-ը: Եվս 10 տեղ ստացել է անջատողական դաշինքին համակիր ծայրահեղ ձախակողմյան «Ազգային միաբանության թեկնածուներ» կուսակցությունը (CUP): Ընդ որում, այս երկու քաղաքական ուժերը ստացել են ձայների 47,9 տոկոսը:
Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում ինքը ձգտելու է առաջիկա 18 ամիսների ընթացքում հասնել կատալոնիայի անկախացմանը Իսպանիայից: Իր հերթին, CUP կուսակցության ղեկավար Անտոնիո Բանյասը Twitter-յան իր միկրոբլոգում գրել է. «Իսպանական պետությանը` առանց չարության. մնաս բարով»:
Համաձայն քաղաքական գործիչների խոստումների` Կատալոնիան կարող է անկախություն ստանալ արդեն 2017թ-ին: