2009-ից մինչ օրս բնակչության շրջանում կատաղություն հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. մասնագետ
Ցավոք սրտի, կատաղության դեմ պայքարն այսօր մնում է գերակա խնդիր շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Նշենք, որ Կատաղության վերահսկողության գլոբալ դաշինքի նախաձեռնությամբ, 2007 թվականից ի վեր սեպտեմբերի 28-ին նշվում է Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրը (World Rabies Day): Նպատակն այդ հիվանդության տարածման, ինչպես նաև դրա հետևանքների նկատմամբ ուշադրություն հրավիրելն է:
Ըստ մասնագետի՝ այն հիմնական խնդիր է աղքատ երկրների համար, քանի որ հիվանդության բուժման և կանխարգելման առաջին պայմանը կանխարգելիչ պատվաստումներ են:
Լ.Թորոսյանը նշեց, որ կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներին բնորոշ ախտանշաններով: Դրանք են` լուսավախությունը, ջրավախությունը, չոր հազը, մկանացավը, ջերմությունը: Առաջին փուլում, ըստ մասնագետի, նկատվում է չոր հազ, ջերմություն, երկրորդը ագրեսիվ փուլն է, երբ հիվանդը սկսում է ագրեսիվ պահվածք ցուցաբերել, իսկ երրորդ փուլում հիվանդն ամբողջությամբ պարալիզվում է և մահը վրա է հասնում կաթվածի հետևանքով: Հիվանդությունը հիմնականում կանխարգելվում և բուժվում է կանխարգելիչ պատվաստումների միջոցով: Եթե մարդու մոտ կան հիվանդությանը բնորոշ ախտանշաններ, ցավոք սրտի, հիվանդությունն ավարտվում է մահով:
Նրա խոսքերով՝ հիվանդության գաղտնի շրջանը կարող է տևել մեկ շաբաթից մինչև մեկ տարի: Վարակի փոխանցման մեխանիզմը մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ՝ մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, թքոտելու, ճանկռելու և այլնի արդյունքում, ինչպես նաև թքոտում` մաշկի և արտաքին լորձաթաղանթների ամբողջության պահպանման դեպքում:
«Ուստի այդ դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկական օգնության, քանի որ այս հիվանդությունը չունի սպեցեֆիկ բուժում, միակ միջոցը վաղաժամ կանխարգելիչ պատվաստումն է»,- նշեց մասնագետը:
Ըստ Լ.Թորոսյանի՝ այն դեպքում, երբ կենդանին (շուն, կատու, աղվես, գայլ, արջ, առնետ) վնասել է մարդուն և առաջացել է մաշկի ամբողջականության խախտում, անհապաղ պետք է դիմել բժշկական օգնության` համապատասխան կանխարգելիչ պատվաստումներ կազմակերպելու և իրականացնելու համար: Կենդանու կողմից տուժելիս, մի քանի ժամ հետո, վերքի մշակումը և կանխարգելիչ պատվաստումները կարող են կանխել կատաղության հիվանդության առաջացումը և մահվան ելքը:
Լ.Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում կատաղության հիվանդություն վերջին անգամ գրանցվել է 2008-2009 թթ-ին: 2008թ-ին գրանցվել է մահվան մեկ, 2009թ-ին՝ մահվան երկու դեպք: Դրանք արձանագրվել են Շիրակի և Լոռու մարզերում:
2009-ից մինչ օրս, ըստ նրա, հանրապետությունում բնակչության շրջանում կատաղության հիվանդության դեպքեր չեն արձանագրվել:
«Իհարկե կենդանիների կողմից՝ և թափառող, և վայրի, և կրծողների, կծվածության դեպքերը բազմաթիվ են»,- ասաց Լ.Թորոսյանը:
Ըստ նրա՝ 2014թ-ին կենդանիների կծելուց Հայաստանում տուժել է 2600 մարդ, որից 900-ը՝ Երևանում: 2013թ-ին գրանցվել է 2700 դեպք, որից 1000-ը՝ Երևանում. «Վիճակագրական տվյալները մեկ անգամ ևս խոսում են այն մասին, որ հանրապետությունում դեռևս լուծված չէ թափառող կենդանիների խնդիրը»:
Նրա խոսքերով՝ թեև վիրուսի հիմնական պահոցը վայրի կենդանիներն են, այդ թվում` աղվեսներ, գայլեր, կրծողներ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, սակայն էական դերը պատկանում է շներին` որպես բնակչության համար կատաղություն հիվանդության բնական աղբյուր: Ինչքան մեծ է կենդանու շփումը մարդու հետ, այնքան մեծ է վարակման վտանգը:
Լ.Թորոսյանը նշեց նաև, որ կծելուց հետո երբեք չի կարելի տվյալ կենդանուն սատկացնել, քանի որ հետագա կանխարգելիչ պատվաստումների կուրսը կախված է նաև կենդանու վարքագծից: Հետևաբար, եթե հնարավորություն կա հսկողություն սահմանել, ապա 14 օր կենդանուն ձեռք չեն տալիս, որպեսզի հետևեն նրա առողջական վիճակին: Իսկ եթե կենդանին մարդուն կծելուց հետո փախել է, մարդն անհապաղ պետք է դիմի բժշկական օգնության:
Լ.Թորոսյանը նշեց նաև, որ ամեն տարի աշխարհում գրանցվում են կատաղության տասնյակ հազարավոր դեպքեր. «Այդ դեպքերի 40 տոկոսը բաժին է ընկնում 0-15 տարեկան երեխաներին: Երեխաները կենդանիների հանդեպ ավելի հոգատար վերաբերմունք են դրսևորում, ուստի դա է պատճառը, որ նրանք ավելի հաճախ են տուժում»: