Վիկտորիա Նուլանդը խորը մտահոգություն է հայտնել լարվածության աճի կապակցությամբ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպմանը երկուստեք գոհունակություն է հայտնվել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ։ Զրուցակիցները կարևորել են 2015թ. հունվարից ուժի մեջ մտած մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը։
Անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Այս առումով կարևորվել է ս.թ. մայիսին ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։ Մտքեր են փոխանակվել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի առաջիկայում նախատեսված անդրանիկ հանդիպման վերաբերյալ։
Վիկտորիա Նյուլանդի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը։ Բանակցությունների օրակարգում էր միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը։
Ըստ աղբյուրի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը երախտագիտություն է հայտնել խաղաղապահ գործողություններին Հայաստանի ակտիվ մասնակցության համար։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Նախարար Նալբանդյանը ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Պետքարտուղարի տեղակալը խորը մտահոգություն է հայտնել լարվածության աճի կապակցությամբ և ընդգծել հրադադարի պահպանման անհրաժեշտությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են ահաբեկչության դեմ պայքարին, Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրներին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում