Մշակութային միջոցառում Հռոմում
Իտալիայում ՀՀ դեսպանությունում կայացել է Երվանդ Քոչարի թանգարանին նվիրատվության արարողություն:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապված վարչությունից:
Հռոմում բնակվող Պաոլո Զաքարյանը համաձայնվել էր Երվանդ Քոչարի թանգարանին նվիրել իր հոր՝ Գևորգ Զաքարյանի դիմաքանդակը, որը հայտնի արվեստագետը ստեղծել էր 1922-23թթ. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանությունում եղած ժամանակ:
Արարողությանը ներկա են եղել Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչարը, վարպետի թոռ Կարինե Քոչարը և վերջինիս պատանի դուստրերը, Պաոլո Զաքարյանը, ՀԲԸՄ Միլանի մասնաճյուղի ղեկավար, Իտալիայի հայերի միության խորհրդական-քարտուղար Կեկել Խաչատրյանը:
Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանն իր խոսքում բարձր է գնահատել Պաոլո Զաքարյանի՝ հոր դիմաքանդակը թանգարանին նվիրաբերելու որոշումը: Նա կարևորել է աշխարհով մեկ սփռված հայկական մշակութային արժեքների վերադարձը հայրենիք և վստահելի ու պրոֆեսիոնալ խմամքի ներքո գտնվելը՝ միաժամանակ անհրաժեշտ համարելով միջազգային մշակութային կարևոր հարթակներում դրանց ցուցադրումը: Դեսպան Ղազարյանը նշել է, որ «դիմաքանդակը վերադառնում է հայրենիք», որտեղ Հայաստանի ներկա և ապագա սերունդները հնարավորություն կստանան այն տեսնելու ու ըստ արժանվույն գնահատելու:
Պաոլո Զաքարյանն իր ելույթում ընդգծել է, որ նվիրատվության որոշումը դժվարությամբ է կայացրել, քանի որ ողջ կյանքի ընթացքում հոր դիմաքանդակն իր հետ է եղել, սակայն հասկացել է, որ այն առաջին հերթին արվեստի ստեղծագործություն է և պատկանում է հայ ժողովրդին: Նա հավելել է, որ Հայաստանն է դիմաքանդակի ամենաապահով տեղը, և այն պետք է իր արժանի տեղը զբաղեցնի Երվանդ Քոչարի թանգարանում՝ վարպետի ստեղծագործությունների շարքում:
Տիկին Լալա Մարտիրոսյան-Քոչարը շնորհակալություն է հայտնել Պաոլո Զաքարյանին նվիրատվության համար՝ այն բնութագրելով որպես «իմաստուն» որոշում: Նա նաև իր երախտիքի խոսքն է ուղղել ՀՀ մշակույթի նախարարությանն ու Իտալիայում ՀՀ դեսպանությանը՝ նվիրատվության հարցում աջակցություն ցուցաբերելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում