Գալիս է այն կետը, որ հայկական կողմերը կարող են մտածել, արդյո՞ք իմաստ ունի սպասել. Քաղաքագետ
Փաստացի 1994 թվականից հետո առաջին անգամ ադրբեջանական կողմն օգտագործել է հրետանային կայաններ, բնականաբար, շատերի մոտ ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ այս պահին անխուսափելի է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ նշելով, չի կարծում, թե Ադրբեջանը կարող է հույս ունենալ, որ լայնամասշտաբ գործողություններ սկսելով կարող է հաղթանակի հասնել:
Քաղաքագետն ասաց, որ Ադրբեջանի նման պահվածքը պայմանավորված է մի քանի գործոններով. «Չեմ բացառում, որ Ադրբեջանի ռազմական իշխանությունը ստիպված է եղել գնալ այսպիսի քայլի` փորձելով պատասխան տալ նախորդ կորուստների համար»:
Նա չբացառեց նաև Ադրբեջանի ներսում ներքաղաքական լարվածության գործոնի ազդեցությունը. «Այս տարվա ընթացքում Ադրբեջանում ֆինանսատնտեսական իրավիճակը ավելի է վատացել: Բնականաբար, այդ սոցիալ-տնտեսական իրավիճակի լարվածության պատճառով Իլհամ Ալիևը կարող էր գնալ այսպիսի ռազմական գործողությունների՝ փորձելով շեղել հասարակության ուշադրությունը»:
Նրա խոսքերով, երրորդ գործոնը կարող էր լինել Ադրբեջանի նկատմամբ արևմտյան կառույցների և երկրների կողմից քննադատության ուժեղացումը՝ ներքաղաքական իրավիճակի և մարդու իրավունքների խնդիրների հետ կապված:
«Չնայած, որ իսկապես աննախադեպ էին, բայց դա չի նշանակում, որ մոտակա ժամանակաշրջանում դրանք կարող են բերել լայնամասշտաբ գործողությունների: Վերջին տասնամյակների պատմությունը ցույց է տալիս, որ նմանատիպ իրադարձությունները միշտ չէ որ բերում են պատերազմի»,-նշեց Ս. Մինասյանը:
Նա ընդգծեց նաև, որ այս իրավիճակը ավելացնում է նյարդայնությունը ՀՀ և ԼՂՀ ներսում, որը մտահոգիչ պետք է լինի առաջին հերթին Ադրբեջանի համար. «Գալիս է այն կետը, որ հայկական կողմերը կարող են մտածել արդյոք իմաստ ունի սպասել և արդյոք զսպումը լավագույն տարբերակն է»: