2015թ․-ի Վացլավ Հավելի մրցանակը շնորհեց 88-ամայ ռուս իրաավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեևային
Մարդու իրավունքների պաշտպանության համար տրվող Վացլավ Հավելի երրորդ մրցանակն այս տարի շնորհվեց ռուս վետերան իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեևային։ Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ իրավապաշտպանին հանձնվեց 60 հազար եվրո մրցանակը։
Ներկայացնելով պարգևը՝ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը, ով նաև ընտրական պանելի նախագահն է, ասաց, որ Լյուդմիլա Ալեքսեևան Ռուսաստանում, ինչպես նաև արտերկրում ոգեշնչել է ակտիվիստների բազում սերունդների՝ պայքարել հանուն արդարության։
«Տասնամյակների իր աշխատանքի ընթացքում տիկին Ալեքսեևան հետապնդվել և հալածվել է։ Նա կորցրել է աշխատանքը և ստիպված եղել լքել երկիրը, որպեսզի շարունակի խոսել ԽՍՀՄ-ում մարդու իրավուքների խախտումների մասին»,-ասաց Անն Բրասյորը։
Լյուդմիլա Ալեքսեևան 88 տարեկան է։ Իրավապաշտպանը ստիպված է եղել արտագաղթել ԱՄՆ 1977թ․-ին, սակայն վերադարձել է Ռուսաստան 1989թ․-ին՝ իր գործը շարունակելու համար, և դարձել է Միջազգային Հելսինկյան հիմնադրամի նախագահ։ Ավելի ուշ դարձել է ՌԴ նախագահի՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ։
«Հպարտ եմ, որ ստանում եմ այնպիսի մրցանակ, ինչպիսին Վացլավ Հավելի մրցանակն է։ Շնորհակալ եմ խորհրդարանականներին։ Այս մրցանակը նաև բոլոր ռուս իրավապաշտպաններին է, ովքեր աշխատել են դժվար պայմաններում»,- իր շնորհակալական խոսքում ասաց Լյուդմիլա Ալեքսեևան՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանը մուտք կգործի Եվրոպական ժողովրդավարական պետությունների ընտանիք։
Նշենք, որ Վացլավ Հավելի միջազգային մրցանակը հաստատվել է 2013թ․-ին ԵԽԽՎ-ի, Վացլավ Հավելի գրադարանի և «Խարտիա-77» հիմնադրամի կողմից։
ԵԽԽՎ-ի այսօրվա նստաշրջանի մասին այլ նյութեր՝
ԵԽԽՎ նախագահ. Տարածքային ամբողջականությունը Եվրոպայի խորհրդի համար շատ կարևոր է
ԵԽԽՎ նախագահ. Առանց ԺՀՄԻԳ-ի՝ մենք չենք ունենա Ադրբեջանում ընտրությունների ամբողջական պատկերը
ԵԽԽՎ նախագահը քննադատում է Ադրբեջանին
ԵԽԽՎ նախագահ. Մենք պետք է ճնշում գործադրենք կողմերի վրա՝ ԼՂ հարցում լուծման հասնելու համար
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը մեկնարկում է