Ադրբեջանամետ դիրքորոշմամբ հայտնի, խավիարակեր Պեդրո Ագրամունտը կդառնա ԵԽԽՎ հաջորդ նախագահ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի շրջանակերում, որն անցկացվում է Ստրասբուրգում սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 2-ը, Եվրոպական ժողովրդավարական կուսակցության (ԵԺԿ) կողմից որպես ԵԽԽՎ նախագահի թեկածու է ընտրվել Պեդրո Ագրամունտը։
Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, ԵԺԿ-ից ԵԽԽՎ հաջորդ նախագահի թեկնածուներ են եղել իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը և ֆրանսիացի պատգամավոր, ԵԽԽՎ նախկին նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը։
Պեդրո Ագրամունտը ստացել է ձայների 72 տոկոսը և դարձել ԵԽԽՎ նախագահի պաշտոնական թեկնածու, ով էլ կդառնա ԵԽԽՎ նախագահ 2016թ-ի հունվարին՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կայանալիք ընտրության ժամանակ։
ԵԽԽՎ ներքին ընթացակարգերի և պայմանավորվածության համաձայն ԵԽԽՎ նախագահությունը փոխանցվում է կուսակցություններին հերթականությամբ։ Հունվարին Լիբերալ-Դեմոկրատների դաշինքից հետո, որին պատկանում է ներկայիս նախագահ Անն Բրասյորը, ԵԽԽՎ նախագահությունը կփոխանցվի ԵԺԿ-ին։
Նշենք, որ Պեդրո Ագրամունտը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ, ով նաև Ադրբեջանի հարցով համազեկուցողն է, ում մշտապես քննադատում են Ադրբեջանի իրավապաշտպանները՝ Ադրբեջանի իշխանությունների հետ մտերմության և երկրում մարդու իրավունքների խախտումները քողարկելու համար։ 2013թ-ին «Եվրոպական կայունություն նախաձեռնությունը» կոչ էր անում Ագրամունտին հրաժարվել զեկուցողի պաշտոնից, քանի որ նա սիստեմատիկ քողարկում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները։
Պեդրո Ագրամունտը ԵԽԽՎ այն խորհրդարանականներից է, ում անունը ևս ընդգրկված է «Խավիարային դիվանագիտություն. ինչպես է Ադրբեջանը լռեցնում Եվրոպայի խորհրդին» զեկույցում։
Հիշեցնենք նաև, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում էր, որ Ագրամունտը լծվել էր Ադրբեջանի պաշտպանությանը և ամեն կերպ փորձ արեց Ադրբեջանի ժողովրդավարական հաստատություների մասին զեկույցում ներառել «Լեռնային Ղարաբաղի օկուպացիա» տերմինը, ինչը բարեբախտաբար, խավիարակեր իսպանացի գործչին չհաջողվեց։
Աննա Մկրտչյան, panorama.am, Ստրասբուրգ
Նախորդող հրապարակում`
Ադրբեջանի պարտությունը ԵԽԽՎ-ում. զեկույցից հանվեց ադրբեջանցիների համար այդքան ցանկալի «ԼՂ օկուպացիա» տերմինը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան