Գեղամ Հարությունյան. Հրադադարի ռեժիմը վիժեցված է
«Հրադադարի ռեժիմ, որպես այդպիսին, ըստ էության, այլևս գոյություն չունի: Չենք կարող խոսել հրադադարի ռեժիմի մասին, քանի որ շարունակական բնույթ են կրում սադրանքները, անընդհատ լարվածություն է հրահարվում: Այսինքն՝ հրադադարի ռեժիմը վիժեցված է: Դրա արդյունքում փոխադարձ գործողություններ են ծավալվում, երկուսեք զոհեր են լինում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի սրման մասին:
Ըստ նրա, ադրբեջանական քաղաքականությունը սկսում է ահաբեկչական գործողությունների բնույթ ստանալ՝ արհամարհելով միջազգային հանրության կարծիքը, ստանձնած պարտավորությունները: Գ. Հարությունյանի համոզմամբ, այս ամենով Ադրբեջանը ցանկանում է հասնել նրան, որպեսզի ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվի հօգուտ իրեն, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս կազմի:
«Եթե փակվում է խնդրի լուծման քաղաքական ճանապարհը, բացվում է ուժի դիմելու ճանապարհը: Եթե Ադրբեջանն իր ցնորքի հետևից հետևողականորեն գնա ու սանձահարի պատերազմ, կունենան այն արդյունքը, ինչ 1990-ական թվականների սկզբին»,- ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ պետք է վստահել հայկական բանակին, ժողովուրդը զորակցում է բանակին, պատրաստ է կանգնել զինվորների կողքին:
Գ. Հարությունյանն ասաց, որ այսօր էլ սահմանում, շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ լարված, թեև նախորդ օրերի համեմատ, Տավուշի սահմանագոտում որոշ չափով թուլացել է լարվածությունը, բայց կրակոցներ լինում են:
«Ադրբեջանը փոխում է գործողությունների բնույթը, ավելի թիրախավորված են դառնում ոչ միայն առաջին գծում կանգնած զինծառայողները, նաև սահմանամերձ գյուղերը, բնակչությունը, զինվորական առօրյայով զբաղվող ստորաբաժանումները: Ադրբեջանն անընդհատ ահագնացնում է լարվածությունը»,- ասաց Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահը: