Երկու օրից պաշտոնական հայտարարությամբ հանդես կգանք. Երվանդ Զախարյանը՝ ՀԷՑ-ի վաճառքի մասին
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գնելու հայտ ներկայացրած ընկերության բոլոր պայմանագրերը ուսումնասիրվել են, և երկու օրից հանրության համար հատուկ հայտարարություն կանենք»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ուսումնասիրել են «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության միջև կնքվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի օտարման պայմանագիրը:
Դիտարկմանը, թե արդյոք նախարարին չի հետաքրքրում, որ ՀԷՑ-ը գնելու ցանկություն հայտնած ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում, Ե.Զախարյանը պատասխանեց. «Այս գործարքի հետ կապված ինձ անձամբ ոչինչ չի անհանգստացնում, քանի որ բոլոր փաստաթղթերը հիմնավոր են և պարզ: Երկու օրից վաճառքի հետ կապված, ինչպես նաև սեփականատիրոջ, գրանցումների և մեր հետագա աշխատանքների վերաբերյալ պաշոտնական հայտարարությամբ հանդես կգանք»:
Հիշեցնենք, որ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը օտարելու մտադրության մասին, ինչ էլ հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:
Նախորդող հրապարակում՝
ՀԷՑ-ը վաճառելու մասին որոշումն արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը