Ստեփանակերտում կառուցվող մանկապարտեզի նոր մասնաշենքն ունենալու է ռմբապաստարան. փոխվարչապետ
Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը նախօրեին ընդունել է Հայ օգնության միության Կանադաի շրջանի վարչության մի շարք անդամների՝ ատենապետ Արմինե Գարապետյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փոխվարչապետն իր խոսքում ընդգծել է սփյուռքի նշանակալի դերակատարումն Արցախի զարգացման գործում: Նա անդրադարձել է հանրապետությունում իրականացվող ժողովրդագրական քաղաքականությանը՝ շեշտադրելով նաև սփյուռքահայության մասնակցության կարևորությունը: Ա. Աղաբեկյանը հակիրճ ներկայացրել է տնտեսական ընթացիկ ծրագրերը և առաջիկա նախագծերը՝ կոչ անելով ներկաներին դառնալ ԱՀ կառավարության խոսնակներն իրենց երկրներում:
Փոխվարչապետն անդրադարձել է նաև Արցախում ՀՕՄ-ի գործունեությանը և ընթացիկ ծրագրերից կարևորել 8 մանկապարտեզների ֆինանսավորումը: Նրա խոսքով՝ ՀՕՄ-ի նորընտիր վարչությունը պետք է հասկանա մանկապարտեզների կառուցման և ֆինանսավորման կարևորությունը, որոնք պետք է շարունակական բնույթ կրեն:
«Ստեփանակերտում կառուցվող մանկապարտեզի նոր մասնաշենքը, որը նախատեսված է 130 երեխայի համար, առաջինն է լինելու, որն ունենալու է ռմբապաստարան, և յուրաքանչյուր ՀՕՄուհի համացանցի միջոցով մասնակիցն է լինելու մանկապարտեզի աշխատանքներին»,- ասել է փոխվարչապետը՝ հավելելով, որ նախատեսվում է շենքի շինարարությունն ավարտել 2016 թվականին:
Հանդիպման վերջում Ա. Աղաբեկյանը պատասխանել է հյուրերի բազմաբնույթ հարցերին՝ հորդորելով ակտիվ մասնակցություն ունենալ Արցախի զարգացման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան